RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » Ճիշտ խոսենք հայերեն

Գնել Նալբանդյան. Պարզագույն ճշմարտություններ  1837


                         

  • «Էժան գին» չկա, կա «ցածր գին»: Չկա նաև` «թանկ գին»: Ոչ թե` «Նա թանկ գին վճարեց դրա համար», այլ պարզապես` «Նա թանկ վճարեց դրա համար»: Ապրանքն ու ծառայությունը կարող են լինել էժան կամ թանկ:
  • «Մինչև»-ը մի շփոթեք «մինչ»-ի հետ: «Զանգահարեք մինչև ժամը 4-ը» նախադասությունը ճիշտ է, մինչդեռ «Զանգահարեք մինչ ժամը 4-ը» նախադասութոյւնը սխալ է: «Մինչ» = «Քանի դեռ…», «Այն ժամանակ, երբ…» «Մինչ դու քնած էիր, ես սափրվեցի»:  Մինչև = until, до  Մինչ   = while, пока
  • ՀՀ բոլոր տգետ ռադիոդիջեյներն ասում են` «մինչ վաղը», մինչդեռ որևէ ռուս իրեն թույլ չի տա նման տխմարություն` ասելով` «Пока завтра»:


Զրույցի ժամանակ մի ընդհատեք իրար, սովորիր լսել դիմացինին: Մինչև վերջ լսիր նրան, հետո առարկիր, եթե առարկելու ես: Դրանով դու կդառնաս հաճելի զրուցակից:
Զրուցելիս խոսիր այնպիսի հարցերի մասին, որոնք հետաքրքիր լինեն նաև դիմացինի համար: Ընդհանրապես քիչ խոսիր քո անձի մասին:



  • «Իբրև»-ը մի շփոթեք «իբր»-ի հետ: «Իբրև» = «որպես», «իբր» = «մթոմ»:
  • Մի շփոթեք «առաջ» և «առջև» բառերը: «Ես սանրվում եմ հայելու առջև» ճիշտ է: «Ես սանրվում եմ հայելու առաջ» սխալ է: «Նա վազեց առաջ» ճիշտ է: «Քրիստոսից հարյուր տարի առաջ» ճիշտ է: «Խանութի առաջ», «Միկրոֆոնի առաջ» սխալ է:
  • «Ըստ որում» չկա, կա «ըստ իս», «ընդ որում»: Ըստ = համաձայն, ընդ = տակը, խորքում, ներքևում:
  • Չի կարելի «սիրահարվել նրա վրա», կարելի է «սիրահարվել նրան»:
  • Չի կարելի ասել «հարուր», պետք է ասել «հարյուր»:
  • Չի կարելի ասել «հիցուն», պետք է ասել «հիսուն»:
  • Մի ասա «բանը նրանումն է , որ…», հարկ է ասել «բանն այն է, որ…»:
  • Չի կարելի ասել «հաշվանդամ», պետք է ասել «հաշմանդամ»:
  • Չի կարելի ասել «դրանով նա զգացնել տվեց, որ…», այլ պետք է ասել «Դրանով նա զգալ տվեց, որ…»: Բանն այն է, որ զգացնել նշանակում է զգալ տալ, հետևաբար` զգացնել տալը կնշանակի զգալ տալ տալ:
  • Նույնը վերաբերում է նաև «հասկացնել» և «հասկանալ տալ» կառույցներին, քանի, որ «հասկացնել տալ» ասում են միայն տգետները:

  • Մի շփոթեք «լողալ» և «լողանալ» բայերը: Սև ծովում, Սևանա լճում, գետում լողում են կամ լող տալիս, բայց այն բաղնիքում կամ լոգարանում` լողանում են:
  • Եթե գրել ես` «որպեսզի», ուրեմն այդպես էլ կարդա և ոչ թե հնչեցրու` «որպիսի», քանի որ «որպիսի» նշանակում է «ինչպիսի»:
  • «Որոշումն ընդունվել է կառավարության կողմից» նախադասության մեջ գործողություն կատարողը որոշումն է, որն ինքնագլուխ գնացել և, գուցե նույնիսկ կառավարության կամքին հակառակ, ընդունվել է հենց կառավարության կողմից: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ «կառավարությունը որոշել է» կամ գոնե «կառավարությունը որոշում է ընդունել»: Հայոց լեզուն  պահանջում է, որ ամեն ինչ հստակ լինի, որ պարզ լինի, թե ով է որոշել, ինչ է որոշել, ով է կատարել ու ինչ է կատարել` որ ամիջապես իմացվի, թե ում պետք է պատասխանատվության կանչել  հիմար որոշումներ կայացնելու կամ որոշումը հիմարի պես իրականացնելու համար:
  • Մի շփոթեք «ուր»-ը և «որտեղ»-ը: «Ուր»-ը ցույց է տաիս ուղղություն, «որտեղ»-ը ցույց է տալիս տեղանք: «Նա գնաց Լոնդոն, ուր և մահացավ» նախադասությունը սխալ է. Պետք է լինի` «…որտեղ էլ մահացավ»: «Որտեղ է գնում այն ավտոբուսը» նախադասությունը սխալ է, պետք է լինի` «Ուր է գնում այս ավտոբուսը»:
  • Չի կարելի ասել «բռնագաղթվածներ», պետք է ասել «գաղթածներ»: «Գաղթած» բառը չունի կրավորական կերպ: Գաղթելը կամ գաղթը ինքնակամ չի լինում, այլ հարկադրաբար, բռնի, ուստի «բռնությամբ գաղթելու» գաղափարն իմաստազուրկ է:
  • «Հայրենադարձված» բառ չկա, կա պարզապես «հայրենադարձ»:
  • Գրվում է «տասներկու, տասներեք», կարդացվում է «տասնէրկու, տասնէրեք». Այս իրողությունը գրաբարյան հիմք և բացատրություն ունի:

  • Չի կարելի ասել «տասէրկու, տասչորս», քանի որ հայերենում չկա «տաս», այլ կա «տասը» /«տասն»/:
  • Հրաժեշտ տալիս պետք է ասել «ցը», քանի որ «ցը»-ն «ցտեսություն» բառի առաջին տառն է և հնչյունը: Ուստի չի կարելի ասել «ցե», քանի որ «ցետեսություն» բառ չկա:
  • Չի կարելի ասել «թիվ երեսունչորս դպրոցի տնօրեն», քանի որ «թիվ»-ն էլ է թիվ, թվական «երեսունչորսն» էլ: Համաձայնեք` ստացվում է անհեթեթ բան, «թիվ թիվ դպրոցի տնօրեն»: Պետք է ասել «համար երեսունչորս // դպրոցի տնօրեն» կամ «-րդ դպրոցի տնօրեն»:
  • Չի կարելի ասել «Նա դատապարտվեց --- հոդվածի համաձայն», պետք է ասել «Նա դատապարտվեց   --րդ հոդվածի համաձայն»:
  • Չի կարելի ասել «դպրոցը դա այն վայրն է, որտեղ…», քանի որ այս և նման նախադասություններում հայտնվում է երկու նույնական ենթակա, ինչը խորթ է հայոց լեզվին: Պետք է պարզապես ասել` «դպրոցը այն վայրն է, որտեղ…»:
  • «Մանրամաս» բառ չկա, կա «մանրամասն»:
  • «Համաձայնվել» բառ չկա, կա «համաձայնել»:
  • Մի շփոթեք «ուսանել» և «ուսուցանե» բայերը:
  • Աշակերտն «ուսանում է», ուսուցիչն` «ուսուցանում»:
  • Չի կարելի ասել «տնօրենն իրեն մոտ է» կամ «… իր մոտ է»,
  • Պետք է ասել «տնօրենն իր սենյակում է»:
  • «Համբյուր» բառ չկա, կա «համբույր» բառ /համ__բույր/: Հետևաբար չի կարելի «համբյուրել», իսկ այ «համբուրել» կարել է և պետք է:
  • Մի շփոթեք «մոտակա» և «առաջիկա» բառերը:
  • Չարժի ասել «մոտակա օրերին», հարկ է ասել «առաջիկա օրերին», բայց` «մոտակա ծառի տակ»: Ինչպեսև չարժի ասել «Հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին»: Հարկ է պարզապես ասել «Հանդիպումը տղի կունենա օրերս»:
  • «Նա ոչ միայն տեղյակ է, այլ գաղտնի է պահում» նախադասությունը սխալ է. Չկա «ոչ միայն, … այլ»  կառույց, կա "ոչ միայն, … այլև /այլ նաև/ »կառույց : Պետք է լինի «Նա ոչ միայն տեղյակ է, այլև գաղտնի է պահում»: Կամ` «Նա ոչ թե տեղյակ չի, այլ գաղտնի է պահում»:
  • «Նախագահ» բառը վերջանում է «հ» տառով, ուստի չի կարելի ասել «նախագան», պետք է ասել «նախագահը» /թեկուզ եթե հաջորդ բառն սկսվում է ձայնավորով/:
  • Մի շփոթեք «սկսել» և «սկսվել» բայերը: Մտածեք ու հասկացեք, թե գործողությունն ով է անում: «Անձրևը սկսեց» և «Անձրևը սկսվեց» նախադասություններն իրարից տարբերվում են նրանով, որ երկրորդում գործողությունը կատարվում է ինքնին` «սկսվեց», մինչդեռ առաջին նախադասությունը պահանջում է շարունակություն. «Անձրևը սկսեց … ինչ անել» -  «սկսեց գալ»:
  • Չի կարելի ասել «բազմիցս անգամ ասել եմ»: Պետք է ասել «բազմիցս ասել եմ» կամ «Շատ եմ ասել» կամ «Մի քանի անգամ /քանիցս/ ասել եմ»: Եվ ընդհանրապես, աշխատեք շատ չխոսել:
  • Հարցեր տալիս խուսափեք հարցական նախադասությունը սկսել «իսկ» շաղկապով, եթե դրա տրամաբանական անհրաժեշտությունը չկա: «Իսկ»-ը ենթադրում է, որ հաջորդ միտքը հակադրվում է նախորդին:
  • Չի կարելի ասել «Մեր կազմակերպության և քաղխորհրդի հետ համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ…»: Պետք է ասել «Մեր կազմակերպության և քաղխորհրդի համատեղ միջոցառման ժամանակ…»:
  • Չի կարելի ասել. «Նախագահը գտնում է, որ…», կարելի է ասել «Նախագահը համոզված է /պնդում է/ հավաստում է/ հաստատում է/ հայտնում է/ հայտարարում է/…»: Գտնել կարելի է շատ հասարակ բաներ: Օրինակ` փողոցով քայլելիս կարելի է փող գտնել կամ գանձ` նկուղում:
  • Ուշադրություն դարձրեք, որ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները, նախարարները, դատավորները, պետքական-քաղաքական-կուսակցական գործիչները հանրությանը պետք է հայտնեն ոչ թե իրենց կարծիքը, այլ տեսակետը, դիրքորոշումը, սկզբունքը, ելակետը, պնդումը… Քանի որ կարծիքը շատ անձնական բան է և սերտորեն առնչվում է ճաշակի հետ, ուստի ծիծաղդելի է, որ նախագահը, ասենք` երկրի տնտեսական զարգացման հեռանկարների մասին խոսելիս, հայտնում է ոչ թե իր դիրքորոշումը, այլ սոսկ կարծիքը:
  • Կարծիք կարելի է հայտնել առօրեական հարցերի մասին խոսելիս. Օրինակ` «իմ կարծիքով, սպասը ձվածեղից համեղ է»: Ինչպեսև չի կարելի հայտնել, թե ինչ դիրքորոշում ունես ծիծակի դառնության վերաբերյալ:

  •  Չի կարելի ասել «Անունդ ինչպես է»: Պետք է ասել «Անունդ ի՞նչ է»:
  • Չի կարելի ասել «Նախարարը  համաձայնվեց այն մտքի հետ, որ…»: Պետք է ասել «Նախարարը համաձայնեց, որ…» կամ գոնե թող լինի
  • «Նախարարը համաձայնեց այն մտքին, որ…»:
  • Չարժի ասել «Այն ժամանակ, որ…», «Այնտեղ, որ…»: Արժի ասել «Այնժամանակ, երբ…», «Այնտեղ, որտեղ…»:
  • Մի ասեք «Այն  օրիորդը պարում է Թաթայի տակ», ասեք «Այն օրիորդը պարում է Թաթա Սիմոնյանի երաժշտության տակ»:
  • Չարժի ասել «Հավաքվածների կեսը համոզված են, որ…»: Արժի ասել «Հավաքվածների կեսը համոզված է, որ…»:
  • «Առայժմ»-ը մի գործածեք «ցտեսություն» ասելու փոխարեն, քանի որ «առայժմ» = «մինչև հիմա»:
  • Մի շփոթեք «վերաբերում է» /…./ և «վերաբերվում է» /…./ բառերը: «Դա քեզ չի վերաբերում», բայց` «Ես քեզ լավ եմ վերաբերվում»:
  • Կրավորակերպը հարկ է գործածել այն դեպքում, երբ խոսը վերաբերում է մարդկային վերաբերմունքին:
  • Անհարկի հոգնակիներ մի գործածեք: Եթե կարող եք ասել` «Նրա խոսքով», ապա ինչու Եք ասում` «նրա խոսքերով»:
  • «Հանգուցյալին ճանաչում էի որպես ազգանվեր գիտնական» սխալ է: Պետք է լինի «Հանգուցյալին ճանաչում էի որպես ազգանվեր գիտնականի»:
  • «Տեղաբնիկ» բառ չկա: Կան «տեղաբնակ» և «բնիկ» բառերը` առանձին-առանձին:
  • Ոչ թե` «Ձեր և ձեր երեխաների համար», այլ «Ձեզ և ձեր երեխաների համար»:
  • Հայոց լեզվում «խնդրվել», «հյուրասիրվել», «զանգվել», «կապնվել», «խաբնվել», «խոստովանվել», «խփնվել» բառեր չկան:
  • «Նա արձակուրդը ոչ թե անցկացրել է Սևանում, այլ անցկացրել է Սևանում»:
  • «Նա հագավ իր ակնոցները»,
  • Նախ` ոչ թե «ակնոց ներ ը», այլ` «ակնոցը':
  • Եվ ապա. Հայերը հագնում են վերարկուն, անձրևանոցը, կոստյումը, տաբատը, վերնաշապիկը, բլուզը, ձեռնոց/ներ/ը, կոշիկ/ներ/ը, իսկ այ գլխարկը, ակնոցը, մատանին, արհեստական ատամնաշարը` դնում են,
  • Փողկապը, վզնոցը, գոտին, ժամացույցը` կապում,
  • Ապարանջանը` անցկացնում ձեռքը,
  • Շղթան` գցում վիզը,
  • Շարֆը` փաթաթում վզին,
  • Թիկնոցը` գցում ուսերին,
  • Շալը` գցում ուսերին կամ գլխին, կամ էլ կապում գլխին:


ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԻՆՔԴ




на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Գնել Նալբանդյան. Պարզագույն ճշմարտություններ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


Ճիշտ խոսենք հայերեն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ճիշտ խոսենք հայերեն | Ավելացրեց: haykblbulyan (13.06.12) Դիտումներ: 1837 | Տեգեր: Ճիշտ խոսենք հայերեն