RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ »

Էթիկետի նրբություններ Նոր տարվա համար  4176


Ամանորյա  գիշեր՝  լի   հրաշքներով և կախարդանքի սպասումով



Նոր տարվա գիշերը յուրաքանչյուր կին ձգտում է սեղանի շուրջ  գեղեցիկ, տոնական մթնոլորտ ստեղծել. ասում են՝ ինչպես տարին սկսես, այնպես էլ կշարունակվի: Ամանորյա սեղանը պետք է յուրահատուկ լինի, քանի որ դրանով բացվում է տարին, այն նաև  գալիք տարվա առատության, հաջողության խորհրդանիշն է:  Սեղանն ամբողջանում է ոչ միայն համեղ ուտեստների բազմազանությամբ, այլև գեղեցիկ սպասքադրումով: Յուրաքանչյուրը կարող է ամանորյա սեղանը  սպասքադրել և ձևավորել ըստ ճաշակի, սակայն սեղանի ճիշտ և գեղեցիկ զարդարանքը  խոսում է կնոջ անհատականության և  ճաշակի մասին:

 Հյուրասիրության չգրված կանոններ

Սեղանի շուրջ հարմարավետ զգալու համար մեծ նշանակություն ունի սպասքի առարկաներից օգտվելու եղանակի իմացությունը: Պետք չէ զարմանալ, երբ ներկա գտնվելով որևէ պաշտոնական միջոցառման, մեկ անձի համար նախատեսված մեկ ափսեի փոխարեն, սեղանին երեքը և ավելին եք տեսնում: Դա ո՛չ ավելորդություն է, ո՛չ էլ ճոխություն: Սպասքադրման հիմնական նպատակը սեղանի մաքրությունն ու հաճելի տեսքն ապահովելն է:

  Ըստ հյուրերի թվաքանակի, հավասար հեռավորության վրա, սեղանի եզրերին մոտ, շարվում են փոքր ու մեծ ափսեները: Մեծ ափսեների վրա դրվում են միջին մեծության՝ նախուտեստի ափսեները: Բաժակները տեղադրվում են ափսեի առջևի մասում: Յուրաքանչյուր ափսեի աջ կողմում դրվում են գդալ և դանակ, ձախ կողմում՝ պատառաքաղ: Ուտելիս դանակը պահում են աջ ձեռքում, պատառաքաղը`  ձախ: Ամեն ափսեի կողքին պետք է լինի 4 տեսակի բաժակ. փոքրիկ` թունդ ըմպելիքների համար, գավաթ` գինու, առանձին գավաթ` շամպայնի և երկարավուն գավաթ` հանքային ջրերի ու մրգահյութերի համար: Հատկապես կարևոր է ամանեղենի և սփռոցի մաքրությունը: Մեր օրերում պարտադիր չէ պահպանել սփռոցի ավանդական սպիտակ գույնը, այն կարող է լինել հաջորդ տարվա խորհրդանիշ գույնով: Կարող եք նաև օգտագործել նրբերանգ, տոնական  սփռոցներ: Գեղեցիկ է, երբ սփռոցի ծայրերը կախված են: Գինին սեղանի վրա պետք է դնել՝ խցանը հանած: Շիշը պետք է մաքուր լինի, իսկ շշի բերանին անձեռոցիկ փաթաթեք: Օղին նախընտրելի է մատուցել գրաֆինով: Շամպայնը և գազավորված խմիչքները մատուցվում են փակ վիճակում: Ուտելն ավարտելուց հետո դանակն ու պատառաքաղը պետք է դնել ափսեի մեջ. դա նշանակում է, որ դուք ավարտել եք ուտելը, և տանտիրուհին կարող է վերցնել ափսեն:
Միշտ սեղանին մեկ ափսե ավելին դրեք, մի՛ մոռացեք խորհրդավոր հյուրի՝ Ձմեռ պապի մասին: Ասում են՝ այս տարի նա ավելի առատաձեռն է լինելու…  

«Ամանորյա անձեռոցիկներ»


Անձեռոցիկ օգտագործում էին դեռևս հին հռոմեացիները: Սկզբում օգտագործում էին միայն կտորե անձեռոցիկներ, սակայն դրանք տարածում չգտան, քանի որ հասարակական վայրերում դրանց գործածումը հակահիգիենիկ էր և նպաստում էր բազմապիսի հիվանդությունների տարածմանը: 19-րդ դարի վերջին տարածում գտան թղթե անձեռոցիկները: Սակայն մինչ օրս էլ կտորե անձեռոցիկները կիրառություն ունեն, ավելի հաճախ, որպես սեղանը զարդարելու միջոց: Անձեռոցիկների գույնը պետք  համապատասխանի  սփռոցին: Ծալած անձեռոցիկը դնում են ափսեի մեջ կամ դրա ձախ կողմում: Ամանորին ընտրեք ավելի տոնական և փայլուն անձեռոցիկներ: Իսկ անձեռոցիկներին հագցված օղակները կարող են լինել տոնածառի խաղալիքների կամ տոնական փայլերի տեսքով: Նոր տարվա սեղանը գեղեցիկ է, երբ զարդարված է լինում եղևնու և սոճու ճյուղերով:

«Տոնական մոմերի առեղծվածը...»

Եթե ցանկանում եք ձեր սեղանին խորհրդավորություն տալ, անկյուններում վառվող մոմեր դրեք: Մոմերն ընտրեք տարվա խորհրդանշական գույներով` նարնջագույն, սև բծերով: Ըստ ճաշակի կարող եք ընտրել նաև գունավոր, փայլերով, աստղաձև, կլոր կամ էլ լողացող մոմեր (թափանցիկ տարայում` ջրի վրա):

«Շնորհակալություն, շատ համեղ էր»


Տանտիրուհիները հաճախ են բողոքում նախատոնական հոգսերից. «Նորից եկավ այս Նոր տարին»: Բայց, միևնույն է, նրանք ցանկանում են զարմացնել մտերիմներին բազմազան ուտեստներով և սեփական բաղադրատոմսերով. «Փորձեք իմ պատրաստածից, ոչ մի տեղ համտեսած չեք լինի»: Մի ստիպեք մարդկանց, եթե նրանք չեն ցանկանում ուտել: Միևնույն է,  քաղաքավարությունից ելնելով, եթե նույնիսկ համեղ չլինի, ասելու են. «Շնորհակալություն, շատ համեղ էր»:
 Տանտիրուհու համեղ կերակուրները համտեսելիս՝ մի մոռացեք բերանը փակ ծամելու և  անաղմուկ ուտելու մասին: Լիքը բերանով չեն խոսում և չեն ծիծաղում:

«Անսպասելի  նվեր»


Հյուր գնալիս տանտիրոջ կամ տանտիրուհու անհատականությանը համապատասխան նվեր ընտրեք: Իհարկե, հաճելի է շոկոլադ նվեր ստանալը, բայց  ոչ ավանդական «բոնբոներկայի» տեսքով, որը  հաճախ որպես նվեր կրկին վերադառնում է նրան, ով նվիրել էր: Ամանորյա նվերը պարտադիր չէ, որ թանկ լինի, կարևորը ստացողին ուրախություն պատճառելն է: Մեկ ամանորյա բացիկն ավելի հաճելի է, քան ավանդական «բոնբոներկան»:

«Բարով եք եկել…»


Առանց նախազգուշացման այցի գնալով՝ կարելի է գլխի ընկնել, թե ինչպես են վերաբերվում  ձեզ, քանի որ դուռը բացող մարդու դեմքի արտահայտությունից պարզ է դառնում՝  ցանկալի՞  հյուր եք, թե՞ ոչ: Իհարկե, շատ ավելի հաճելի է անկեղծ ուրախություն կարդալ տանտիրոջ աչքերում և ոչ թե պարզապես լսել քաղաքավարությունից դրդված ու հազիվ արտաբերված բառերը. «Շատ հաճելի է, ներս եկեք խնդրեմ»: Հիշեք, չնայած Ամանորին թույլատրելի են անակնկալ այցելությունները, բայց, ամեն դեպքում, լավ կլինի շատ ուշացած այցից առաջ ժամացույցին նայեք. գուցե մարդիկ արդեն քնե՞լ են: Իսկ եթե  հրավիրված և ցանկալի հյուր եք, հիշեք, որ ամանորյա գիշերը մարդիկ փորձում են կտրվել կենցաղից ու բազմաթիվ հոգսերից, հետևաբար, եթե նույնիսկ վատ տրամադրություն ունեք, այն հեռու վանեք, ժպտացեք£ Առավել ևս, եթե մարդիկ շատ ուրախ են ձեզ հյուրընկալելու համար, չափն այնքան չկորցնեք, որ հասցնեն ձանձրանալ, մի՛ չարաշահեք տանտիրոջ համբերությունը և հեռացեք ժամանակին:

«Դու մեզ չես հարգում, կնեղանանք, չէ՞… Նոր եք եկել, արդեն գնու՞մ եք»
Իսկ եթե հակառակն է և  հյուրերից մեկը ցանկանում է շուտ հեռանալ, մի՛ ստիպեք նրան երկար մնալ: Եթե ուզում է հեռանալ, հավանաբար պատճառ ունի դրա համար:  

«Նոր տարի, գալդ բարի»


Հայկական կենացների ջերմությանն ու բաժակաճառերի առատությանը  չես հանդիպի որևէ այլ երկրում: Սակայն  Նոր տարվա գիշերը փորձեք դրանք ամփոփել գալիք տարվանից սպասվող ակնկալիքների մաղթանքներով: Շնորհավորանքը պետք է լինի հակիրճ և բովանդակալից: Բաժակը բաժակին զարկելիս պետք է նայել միմյանց աչքերի մեջ: Շամպայնի բաժակը պետք է բռնել ստորին հատվածից: Կենաց խմելիս պետք է բաժակները լցված լինեն և բաժակաճառից հետո բաժակի տարողությունը պետք է խմել մինչև վերջ: Բայց  մի՛ կորցրեք չափի զգացողությունը, որպեսզի տուն վերադառնալիս, ինչպես հայտնի ֆիլմում, չհայտնվեք ուրիշի բնակարանում:

«Երնեկ թե այս Նոր տարին վերջ տար հայի ցավերին…»


Երբ ժամացույցի սլաքները կխփեն տասներկուսը` մտապահեք Ձեր ամանորյա երազանքը. այն անպայման կիրականանա: Մոռացեք նախորդ տարվա բոլոր անհաջողություններն ու դժվարությունները, քանի որ դրանք  արդեն անցյալում են, և հավատացեք, որ Ձեզ  լուսավոր, հաջողություններով լի տարի է սպասվում:


Հայկուհի Ասատրյան



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Էթիկետի նրբություններ Նոր տարվա համար»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: | Ավելացրեց: Admin (27.12.12) Դիտումներ: 4176 | Տեգեր: Նոր տարի, էթիկետ