RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ

Էռնեստ Հեմինգուեյ և Ագնեսա ֆոն Կուրովսկի  1871

Էռնեստ Հեմինգուեյ

Հայտնի ամերիկացի գրող, նոբելյան դափնեկիր, կանանց սրտերի հրաշալի գիտակ Էռնեստ Հեմինգուեյն   իր ամենահայտնի վեպերից մեկը՝ «Հրաժեշտ զենքին»,  նվիրել  է իր պատանեկան կրքոտ սիրուն՝ ծագումով լեհուհի Ագնեսա ֆոն Կուրովսկուն, ով կարողացավ շատ երկար կապել իրեն կրակոտ  Հեմենգուեյին:

Ագնեսայի հետ սիրավեպը բռնկվեց Առաջին Համաշխարհային պատերազմի սկզբին: Այդ ժամանակ Էռնեստը շատ էր ցանկանում մեկնել ռազմաճակատ, սակայն բժշկական խորհուրդը արգելեց վատ տեսողության պատճառով: Բացի այդ՝ ծնողներն էլ չէին ցանկանում լսել որդու խելահեղ ցանկության մասին: Սակայն ապագա գրողը փնտրում է այլ  ուղիներ իր գաղափարը իրականացնելու համար:

Մի անգամ իմանալով, որ Իտալական բանակին (որն այդ ժամանակ կատաղի մարտեր էր մղում) հարկավոր են կամավորներ, երիտասարդը վճռականորեն գնաց   Կարմիր Խաչ ու պահանջեց ուղարկել իրեն Իտալիա: Պատերազմը նրան զվարճալի արկած էր թվում... սակայն  մի քանի շաբաթ անց արդեն համոզվեց ,որ այդպես չէ...

Հեմինգուեյն ընդամենը 18 տարեկան էր: Ռազմաճակատում նա երկար չմնաց. մի օր, երբ երիտասարդ ամերիկացին տեղափոխում էր վիրավորներին, մեքենայի մոտ ռումբ պայթեց: Էռնեստը  ծանր վիրավորվեց: Նրան տեղափոխեցին Միլանի հոսպիտալ, որտեղ մի քանի օր անց ուշքի եկավ:




Երբ բացեց աչքերը, տեսավ իրեն խոնարհված գեղեցկադեմ երիտասարդ աղջկա դեմք… Դա բուժքույր Ագնեսա ֆոն Կուրովսկին էր: Նա  գիշերները հերթապահում էր վիրավոր զինվորի անկողնու մոտ, և նոր ծանոթները հնարավորություն ունեին  մինչև լուսաբաց զրուցելու: Արշալույսին Էռնեստը քնում էր, իսկ Ագնեսը գնում էր հարևան հիվանդասենյակ՝ մյուս վիրավոր զինվորների մոտ:

Երբ հիվանդը արթնանում էր ու չէր տեսնում հոգատար Ագնեսին իր կողքին, երկտող էր գրում ու խնդրում որևէ մեկին փոխանցել քույր Կուրովսկուն: Շուտով այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէր նրանց սերը:

Ագնեսան յոթ տարով մեծ էր երիտասարդից... Չնայած դա ամենևին չէր շփոթեցնում էռնեստին: Հեմինգուեյը իր ծննդյան 19-ամյակի օրը ամուսնության առաջարկություն արեց Ագնեսին...




Աղջկա արձագանքն անսպասելի էր. նա մերժեց առաջարկը: Չնայած նրան, որ որ երիտասարդ ամերիկացու հանդեպ տածում էր բավականին  լուրջ զգացմունքներ:

Ագնեսան գեղեցիկ էր, ազատ, անկախ,  համարձակ էր: Սիրում էր տղամարդկանց շրջապատում լինել: Չէր թաքցնում, որ ցանկանում է վայելել կյանքն ու սերը՝ անկախ բարոյական նորմերից ու նախապաշարումներից: Հոսպիտալի վիրավոր զինվորները խենթանում էին շիկահեր գեղեցկուհու համար:

Բնականաբար, զգայուն, զգացմունքային  էռնեստը խանդում էր իր սիրելիին: Մի անգամ, երբ Ագնեսան ցանկացավ մեկնել հանգստանալու իր ընկերների շրջապատում, իմանալով այդ տհաճ լուրը, Էռնեստը բղավեց աղջկա վրա՝ պահանջելով, որ նա  անհապաղ հրաժարվի  ուղևորության մտքից: Այդ վեճին ներկա գտնվողները պատմում են, որ նա կատաղությունից կորցրել էր իրեն. վիրավորական խոսքեր էր շպրտում աղջկա երեսին, անպատվում, նետում հագուստը հատակին, գոռում, ծայրահեղ կոպիտ պահում իրեն…

Երիտասարդ բուժքույրն ավելի էր համոզվում, որ ընկերն անտանելի  ծանր բնավորություն ունի: Ագնեսային հայտնի էր նաև, որ  իր «ամբարտավան» ընկերը մեկ ուրիշ շատ ավելի  լուրջ «թերություն» էլ ունի... Նա գիտեր, որ Էռնեստի   մայրը անչափ խստաբարո  տիրական, իշխող  կին է, և, որ իր սիրելին անչափ վախենում է մորից ու նույնիսկ իր նամակներում մի անգամ չի հիշատակել իր անունը... իրենց սիրո մասին...

Նոյեմբերին բուժքրոջը տեղափոխում են Ֆլորենցիայի հոսպիտալ: Էռնեստը նորից է ամուսնության առաջարկ անում: Աղջիկը կրկին մերժում է:

Ագնեսը մեկնեց... Երիտասարդ ամերիկացին անմիջապես նրան է  ուղարկում  զգացմունքներով լի նամակներ: Մի քանի օրից պատասխանում է աղջիկը, որ կարոտել է անչափ, սարսափելի «քաղց» է զգում սիրելիի հանդեպ և չի կարող մոռանալ Միլանում անցկացրած քաղցր ու խենթ գիշերները:

Սիրահարների բաժանումը երկար չտևեց: Շուտով նրանք հանդիպեցին Միլանում... երկու ժամով...  Դա նրանց վերջին հանդիպումն էր...



1919թ. հունվարին էռնեստ Հեմենգուեյը վերադարձավ հայրենիք: Շարունակվում էր նրանց նամակագրությունը: Ամերիկայից Իտալիա էին թռչում կրքոտ, հուսահատ, անսահման սիրով լեցուն նամակները: Գրողը խնդրում էր Ագնեսին գալ իր մոտ, ամուսնանալ...  Ագնեսը պատասխանում էր. «Հարկավոր չէ այդքան շատ գրել... ես այն կատարյալ կինը չեմ, ինչպիսին դու համարում ես ինձ: Ես ինձ համարում եմ  չար... Ես վստահ եմ քո հանդեպ... հավատում եմ քեզ...Դու զարմանալի մարդ ես, քեզ մեծ ապագա է սպասում: Մնաս բարով, փոքրիկս... Մի նեղացիր»:    Նույն նամակում նա գրել էր նաև, որ ամուսնանում է մի իտալացի  հարուստ ազնվականի հետ:
Այս լուրը խախտեց զգացմունքային երիտասարդի հոգեկան հավասարակշռությունը... նա մտածում էր ինքնասպան լինել, մի քանի օր ջերմում էր:
Սիրահարներն այլևս չհանդիպեցին:
Էռնեստը շատ երկար չէր գտնում մխիթարություն, կարոտում էր հոսպիտալի բուժքրոջը: Իսկ հետո սփոփանք  գտավ ուրիշ կանանց գրկում: Բարձրահասակ, վայելչակազմ տղամարդուն դժվար չէր գրավել կանանց ուշադրությունը: Սակայն ոչ միայն արտաքին գեղեցկությունն էր հետաքրքրում ծանոթներին: Այդ զարմանալի տղամարդու մեջ համադրվում էին  ամենատարբեր որակները. ռոմանտիկ էր, երազկոտ, մանկան նման միամիտ... անմեղ, ապշեցնող զգացմունքայնություն, զգայունություն ուներ:
 Մոտ ընկերները նկատել էին, որ գրողը շուտ էր վիրավորվում, նեղանում, սակայն ջանասիրաբար թաքցնում էր իր թույլ կողմերն ու աշխատում էր թվալ համարձակ և ուժեղ:  Նա ցանկանում էր ապացուցել կանանց, որ իդեալական տղամարդ է:
Միշտ պատմում էր կանանց մոտ ունեցած իր մեծ հաջողությունների մասին... այն, որ ունեցէլ է մեծ թվով սիրուհիներ... որոնց թվում էին հայտնի ամերիկացի  գեղեցկուհիներ, իտալացի կոմսուհիներ, եվրոպացի դերասանուհիներ... Ընկերները ժպտում էի՝ գիտենալով, որ գրողը մի փոքր չափազանցնում է իր սիրային արկածները: Սակայն այն, որ նա դուր էր գալիս կանանց, ժխտել չէին կարող:



Հեմինգուեյի  կյանքում շատ կանայք եղան: Սակայն մտերիմներին խոստովանել էր, որ միայն Ագնեսին է սիրել կրքոտ և անմնացորդ:
Էռնեստ Հեմենգուեյը ամուսնացավ մի քանի անգամ: Բոլոր կանայք էլ տարիքով մեծ էին նրանից:
Երբ գնում էր Եվրոպա, սիրում էր լինել այն վայրերում որտեղ սիրել էր իր Ագնեսին...
Վերջին՝ չորրորդ անգամ ամուսնացավ "Time" ամսագրի լրագրող Մերի Ուելշի հետ, որը ստիպված էր դիմանալ, հանդուրժել  ու աչք փակել ամուսնու բազմաթիվ սիրային արկածների, անհավատարմության վրա…
Մեծ գրողը ծանր դեպրեսիա  էր տանում: Բուժումը ավելի խորացրեց այն...
Ի վերջո զգայուն և կասկածամիտ գրողը  ինքնասպան եղավ:





ԼՍԵԼ ԱՈՒԴԻՈՏԱՐԲԵՐԱԿԸ







на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Էռնեստ Հեմինգուեյ և Ագնեսա ֆոն Կուրովսկի»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՍԵՐԸ և ՄԵԾԵՐԸ | Ավելացրեց: Admin (25.04.12) Դիտումներ: 1871 | Տեգեր: մեծերի սիրո պատմություններ, Էռնեստ Հեմինգուեյ, Սերև և մեծերը, Ագնեսա Ֆոն Կուրովսկի
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ