RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ

Չգնահատված արտիստի ուղին. Էլվինա Մակարյան  1594

Էլվինա ՄակարյանԷլվինա Մակարյանը ծնվել է 1950թ. օգոստոսի 16-ին Երևանում: Արմատներով Արևմտյան Հայաստանից էր: Հորական տատը պոլսահայ էր, պապը՝ ֆրանսահայ, մորական պապը պարնեցի էր՝ գեներալ, ով 1937թ. ստալինյան ռեժիմի զոհ դարձավ, իսկ մորական տատը իգդիրցի էր: Վաղ տարիքից Էլվինան մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ: Մայրը՝ տիկին Ռոզան, նկատելով աղջկա սուր լսողությունը, նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:

12 տարեկան հասակում մասնակցում է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունենում: Էլվինան հիմնականում կատարում էր Շառլ Ազնավուրի և Ռոբերտո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն: Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրում է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ: Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստանում երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում: Էլվինա Մակարյանը «Կռունկում» կատարելագործվում է որպես ջազային երգչուհի:

Էլվինա

Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ: Օրբելյանի նվագախումբը դարձավ Էլվինայի թռիչքը երգարվեստում: Սկսվեցին արտասահմանյան շրջագայությունները: Երգչուհին տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվում էր համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ: Սիրահարված էր ամերիկյան ջազին:

Աշխատելու հետ մեկտեղ Էլվինան սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում: 1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում և օտարազգիներին ևս մեծ հիացմունք պատճառում: 1973 թվականին Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում Էլվինան արժանանում է գլխավոր մրցանակի՝ Ռ. Ամիրխանյանի «Ու՞ր եք, տղաներ» երգի կատարման համար:

Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար: 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով: Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989թթ., նա չի դադարել ստեղծագործել:

Էլվինա

Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում: Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը: Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում: Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում: Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր:

1990-ականների սկզբներին վերադարձավ Հայաստան: Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվական:

2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան  Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած՝ սեփական բնակարանում: Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը: Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ:

Էլվինա Մակարյան

Լրագրող Արտակ Ալեքսանյանը, որին երգչուհին մահից մեկ շաբաթ առաջ հարցազրույց էր տվել, գրում է. «Կարծում եմ՝ երգչուհու որոշումը խիստ գիտակցված էր: Դա կշռադատված հանրային քայլ էր՝ ուղղված մտավորականությանն ու հասարակությանը: Էլվինան հարցազրույցի ժամանակ ակնարկեց. «Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում: Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին»: Այժմ նրա հարազատները փորձում են գտնել այդ ձայնագրությունները»: Ալեքսանյանը նաև գրում է, որ Էլվինա Մակարյանը կյանքից հեռացավ, որովհետև ուներ պատճառներ: Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր: Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը. «Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան: Բայց ամենածանր հարվածն առջևում էր: Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, ինքնասպան է լինում 28 տարեկան հասակում: Թվացյալ հրապարակային կյանքով, բայց բոլորին անհայտ Էլվինան փորձում է վերադառնալ կյանք: Սկսում է ձայնագրությունները: Բայց այն, ինչ անում էր, ավելի շատ նախապատրաստական աշխատանք էր հիշեցնում: նա պատրաստում էր իր հրաժեշտը»:

Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել: Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար: 

Վազգեն Ֆիշյան
 
 
 



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Չգնահատված արտիստի ուղին. Էլվինա Մակարյան»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԵԾԵՐ | Ավելացրեց: Admin (10.02.13) Դիտումներ: 1594 | Տեգեր: Էլվինա Մակարյան, Երաժշտական մեծեր