RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ

Ազգային փոքրամասնությունների Նոր տարին  2138

Մեզ հետ, մեր կողքին ապրում են հրեաներ, ասորիներ, եզդիներ, հույներ… սակայն, ոչ բոլորս ենք ծանոթ նրանց ազգային արժեքներին, ավանդույթներին և տոներին:

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունները տոնում իրենց Ամանորը, այնպես ինչպես մե՞նք՝ տոնածառ, Ձմեռ պապ, այցելություններ հարազատներին, թե՞…



 Հույների Նոր տարին. «Պրոտոխրոնիա»
 

Հունական Նոր տարվա մասին պատմում է ՀՀ նախագահին առընթեր Հայաստանի ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ, Հունական ֆեդերացիայի համակարգող Մարինա Մեշովան:

Հույների «բուն» Նոր տարին հիմնականում կապված է Քրիստոսի ծնունդի հետ, որը նշում են դեկտեմբերի 25-ին: Այդ օրը հույները գնում են եկեղեցի՝ Քրիստոսի Ծննդյան օրվան նվիրված ծիսակատարությանը մասնակցելու, որից հետո յուրաքանչյուր ընտանիքում սկսվում է տոնական մեծ խնջույք:
Մինչև Նոր տարվա գալուստը եկեղեցիներում անպայման հնչեցվում են փողերը, որոնք ավետում են Քրիստոսի Ծնունդը: Դեկտեմբերի 31-ին հույները զարդարում են տոնածառը՝ որպես նոր, եկող տարվա խորհրդանիշ:
Տոնական սեղանին պարտադիր դնում են փախլավա, թթուների տեսականի և «Մետաքսա» հունական կոնյակը, որը հարգանքի խորհրդանիշ է: Պարտադիր նաև տոնական տորթ են թխում, որի մեջ զարդ են դնում: Տորթը ըստ տան անդամների քանակի բաժանում են: Զարդը ում բաժնում հայտնվում է՝ այդ տարի կունենա անսպասելի հաջողություններ:

Հույների Նոր տարին հիմնականում ընտանեկան տոն է, և յուրաքանչյուր ընտանիք պարտադիր պետք է հավաքվի իր ցեղի «մեծի» մոտ: Մինչև ժամը տասներկուսը տան անդամներից մեկը ջրով լի կժով տանից դուրս է գալիս և ներս է մտնում միմիայն տասներկուսից հետո՝ իր հետ բերելով հաջողության և առատության խորհրդանիշը՝ ջրով լի կուժը:

«Այազմոս»

Հույները Նոր տարվա հետ կապված մի գեղեցիկ ավանդույթ ունեն, որը կոչվում է «Այազմոս»: Նոր տարվա գիշերը բոլորը հավաքվում են գետի ափին, Սուրբ խաչը իջեցվում է ջուրը, և երիտասարդները մտնում են գետը խաչը հանելու: Ով առաջինն է գտնում խաչը, պարգևատրվում է նվերով, իսկ տարին նրան հաջողություն է բերում: Այնուհետև մարդիկ այդ գետից «մեկ տարվա համար» ջուր են տանում տուն՝ որպես լիության և առատության խորհրդանիշ, օգտագործում են տարբեր հիվանդությունների կանխման, ինչպես նաև տան տարբեր անկյուններում դնելու համար:

«Խոսպո». Տղամարդիկ՝ կանանց հագուստով

Նոր տարվա գիշերը տղամարդիկ (հիմնականում երիտասարդ) հագնում են կանանց զգեստներ և շրջում քաղաքով մեկ: Նրանք երգելով ու պարելով մտնում են յուրաքանչյուրի տուն՝ պարգևելով խինդ և ուրախություն: Փոխարենը նրանց որևէ նվեր են տալիս, ուտեստ կամ քաղցրավենիք:
Այդ օրը Հունաստանում տիրում է ուրախություն, որը ուղեկցվում է ավանդական «Դոփ-դոփուն» պարով (այս պարի ծագումը կապված է Զևսի ծննդյան հետ):


  


Ասորիների Նոր տարի. Բնության վերականգնման և աշխուժության տոն

Ասորիների Նոր տարվա մասին տեղեկություններ է հայտնում վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Լինա Յակուբովան:

Ասորիների ամենամեծ կրոնական և ազգային տոնը Նոր տարին է: Այն կոչվում է «բնության վերականգնման ու աշխուժության տոն»: Այս տոնի ծագումը կապված է հեթանոսական դարաշրջանի, «մահացող և վերականգնվող բնության», «Աշխարհի արարման» և «Իշտար դիցուհու ու նրա սիրեցյալ Թամուզի» մասին առասպելների հետ:
Ասորիներն Ամանորը նշում են ապրիլի 1-ին՝ կազմակերպելով ճոխ խնջույքներ: Պատրաստվում են ավանդական ճաշատեսակներ՝ մուրտուխա, ժաժիկ:
Քանի որ տոնը կապված է գարնան հետ, տունը զարդարում են այդ ժամանակ ծաղկող պտղատու ծառերի ճյուղերով:
Իբրև տարվա սկիզբ՝ մարդիկ Աստծուց հայցում են բարյացակամ վերաբերմունք և բարեբեր տարի:

 



Հրեական Նոր տարի. «Ռոշ հա-Շանա»

Հրեական Նոր տարվա մասին պատմում է Հայաստանի հրեաների գլխավոր րաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը:


Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոշ հա-Շանա: Այս տարի հրեաները դիմավորելու են 5772-րդ Նոր տարին «Ռոշ հա-Շանա»-ն, որ թարգմանաբար նշանակում է «Տարեգլուխ», ունի ազգային նշանակություն: Հրեաներն այն տոնում են յոթերորդ ամսվա առաջին օրը: Ամիսը կոչվում է «Տիշրեյ»: Հրեաների օրենքի գրքում գրված է, որ այս տոնը հռչակված է որպես «Փողերի հնչեցման օր»:
«Ռոշ հա-Շանան» համարվում է տիեզերքի բոլոր բնակիչերի «դատաստանի օր»: Այդ օրն է որոշվում, թե գալիք տարվա ընթացքում ինչ տեղի կունենա մարդու հետ: «Ռոշ հա-Շանա» 8-ում ասված է. «Քո Տեր Աստծո հայացքը երկրի վրա է տարվա սկզբից մինչև վերջ»: Այսպիսով՝ տարվա սկզբին է որոշվում, թե ինչ կլինի վերջում:  Բարձրյալը բացում է «Ռոշ հա-Շանայի» երեք գրքերը. մեկը չարագործների, մյուսը՝ արդարների և երրորդը՝ սովորական մարդկանց համար: Արդարների համար անմիջապես որոշվում և կնքվում է կյանքի երկարացում, չարագործների համար՝ մահվան դատավճիռ, իսկ մնացած մարդկանց գործերը հետաձվում են մինչև «Իոմ Կիպուր»՝ քավության օր: Ապաշխարողներին սպասվում է կյանք, չապաշխարողներին՝ մահ:

«Ռոշ հա-Շանան» «դատաստանի օր է» ընտրված երկու կարևոր պատճառներով՝

1. Այդ օրն ավարտվեց աշխարհի արարումը, որը սկզբում կառավարում էր «Միդատ գեդին»՝ դատաստանի սկզբունքներով:
2. Այդ օրը Ադամը դատապարտվեց բարձրյալի կողմից, որից հետո ապաշխարեց և ստացավ ներում:
«Ռոշ հա-Շանայից» մեկ ամիս առաջ աշխարհի բոլոր սինագոգներում հնչեցնում են փողեր՝ մարդկանց գալիք տոնի մասին հեշեցնելու և «Արարչի թագավորության» Նոր տարվա սկիզբը հռչակելու համար:

Այդ օրը մարդու բոլոր արարքները ծանր ու թեթև են արվում: Յուրաքանչյուր մարդու խստորեն դատում են ըստ իր արարքների («Ռոշ հա-Շանա 15»). Նրան կա՛մ պարգևատրում են, կա՛մ պատժում: Բոլորը հագնում են սպիտակ զգեստներ (քանի որ մարդուն լույս աշխարհ գալուց և մահանալուց հետո փաթաթում են սպիտակ սավանով) և ասում, որ պատրաստ են իրենց դատավճռին, այնուամենայնիվ, խնդրում են, որ Բարձրյալը ներողամիտ լինի իրենց նկատմամբ: Բոլորը միմյանց ցանկանում են գրվել «Կյանքի գրքում» բարի արարքների շնորհիվ:

«Ռոշ հա-Շանան» համարվում է ընտանեկան տոն: Այդ օրը տոնական սեղանին դրվում են խորհրդանշական ճաշատեսակներ ու մրգեր: Օրինակ, որպեսզի տարին քաղցր և պտղաբեր լինի, խնձորը թաթախում են մեղրի մեջ և ասում. «Թող Նոր տարին լինի երջանիկ և քաղցր»: Ուտում են ձկան գլուխ և ասում. «Թող Նոր տարում լինենք գլուխ, ոչ թե պոչ»: Պատրաստում են ավանդական «Ֆինես» ճաշատեսակը՝ գազարը եփելով մեղրի հետ: Կլոր կտրտված գազարը խորհրդանշում է դրամը:
Տոնական սեղաններին անպայման դնում են նաև նուռ, որը ազգի միասնության խորհրդանիշն է համարվում: Այս տոնի ժամանակ հրեաները չեն օգտագործում ընկույզ, քանի որ նրա անվանումը եբրայերենով համընկնում է «մեղք» բառի հետ:
Չեն օգտագործում նաև  դառը կամ աղի ճաշատեսակներ. հրեաների կարծիքով դրանք կարող են մռայլեցնել տարին:

 



Եզդիական Նոր տարի. «Սարե սալե»

Եզդիների Նոր տարվա մասին պատմում է եզդիների համայնքի ղեկավար Հասան Թամոյանը:

«Սարե սալե». այսպես է կոչվում եզդիների Նոր տարին, այն թարգմանաբար նշանակում է տարեգլուխ կամ տարվա սկիզբ: Նոր տարվա առաջին օրը համարվում է ապրիլի 13-ից հետո ընկած առաջին չորեքշաբթի օրը: Այս ամիսը, որ եզդիները (ինչպես նաև հրեաները) կոչում են «Նիսան», համարվում է սուրբ ամիս, և այդ ամսվա ընթացքում ամուսնություններն արգելվում են:


 

Իջել է հրեշտակապետը

Ըստ ավանդույթի՝ «Սարե սալե»-ի օրը երկիր է իջել հրեշտակապետը և պատգամել հավատի գաղափարներ: Եզդիների նախնիները այդ հրեշտակին անվանել են «Տամուսի մալաք», որը թարգմանաբար նշանակում է «հրեշտակ-սիրամարգ»՝ համարելով նրան հաջողությունների հրեշտակ, Աստծո ներկայացուցիչ և տեղակալ:
Սարե-սալեի նախորդ օրը երիտասարդները դաշտից գույնզգույն ծաղիկներ են քաղում և զարդարում դռներն ու պատուհանները: Հատուկ այդ օրվա համար թխում են գաթա՝ «Կալոճ», և մեջը ուլունք են դնում: Այդ օրը տան տղամարդը բաժանում է համապատասխան մասերի (ըստ ավանդույթի՝ այն պետք է բաժանվի որոշ գերբնական ուժերի և տան չափահաս անդամների անուններով): Ում բաժնում, որ ուլունքը հայտնվում է, տարվա հաջողությունները կապվում են նրա հետ:

Աշխարհն անցողիկ է

«Սարե սալե»-ի օրը եզդիները այցելում են այն բարեկամներին, որոնք հարազատ են կորցրել: Հետո հոգևորականների հետ անպայման այցելում են գերեզմանոց՝ իրենց հետ տանելով տարբեր ուտեստներ:  Այնտեղ հոգևորականները աղոթք են կարդում, կարիքավորներին սնունդ են բաժանում: Ննջեցյալներին մտովի վերադարձնում են կյանք, խոսում նրանց բարի գործերի մասին: Իսկ երիտասարդներին խրատում են՝ ասելով, որ աշխարհն անցողիկ է, պետք է բարեգործ լինել, հարգել մեծերին և ննջեցյալներին: Նրանք հավատում են, որ այդ օրը ննջեցյալների հոգիները տուն են վերադառնում:

«Սարե սալե»-ն համարվում է նաև հաշտության օր:
Այդ օրը պահանջվում է, որ գժտվածներն անպայման հաշտվեն:
Տոնի ժամանակ հիմնականում  դնում են ոչխարի միս, տարբեր ճաշատեսակներ, չրեղեն: Արգելված է օգտագործել խոզի միս և կանեփ:



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ազգային փոքրամասնությունների Նոր տարին»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ | Ավելացրեց: Admin (28.12.12) Դիտումներ: 2138 | Տեգեր: ազգային փոքրամասնություններ, Նոր տարի, Հետաքրքրաշարժ