RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԵՐԱՇԽԱՐՀ

Անտ. Էքզյուպերի. հատված «Փոքրիկ իշխան»-ից  3748


«Ես իմ վարդի համար պատասխանատու եմ ...»

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ



- Բարև,- ասաց նա:

- Բարև,- քաղաքավարի պատասխանեց Փոքրիկ իշխանը, գլուխը շուռ տալով: Բայց նա ոչ ոքի չտեսավ:

- Ես այստեղ եմ,- նորից լսվեց ձայնը:  - Խնձորենու տակ…

- Դու ո՞վ ես,- հարցրեց Փոքրիկ իշխանը: - Ինչքան սիրուն ես…

- Ես աղվեսն եմ,-  ասաց աղվեսը:

- Մի քիչ խաղա ինձ հետ,- խնդրեց Փոքրիկ իշխանը, - ես շատ տխուր եմ:

- Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, - պատասխանեց աղվեսը, - ես ընտելացված չեմ:

- Ախ. ներիր,- ասաց Փոքրիկ իշխանը:


Հետո մի փոքր մտածելով, հարցրեց.

- Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:

- Դու տեղացի չես երևում,-  նկատեց աղվեսը: -Ի՞նչ ես փնտրում այստեղ:

- Մարդկանց եմ փնտրում, - պատասխանեց Փոքրիկ իշխանը: - Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:

- Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս: Դա շատ անհարմար բան է: Հետո՝  նրանք հավ են պահում: Նրանց լավն էլ միայն այդ է: Դու հա՞վ ես փնտրում:

- Ոչ,-  ասաց Փոքրիկ իշխանը: - Ես բարեկամ եմ փնտրում: Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:

- Դա վաղուց մոռացված հասկացություն է,- բացատրեց աղվեսը:- Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ…- Կապվե՞լ…

- Հենց բանն էլ այդ է ,- ասաց աղվեսը: -Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես ինչպես մյուս հազարավոր տղաները: Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես ինչպես մյուս հարյուր հազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…

- Ես սկսում եմ հասկանալ, ասաց Փոքրիկ իշխանը: - Մի վարդ կար… որը երևի ինձ ընտելացրել էր…

- Շատ հավանական է,- համաձայնեց աղվեսը: - Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում:

- Դա երկրի վրա չէր,- ասաց Փոքրիկ իշխանը:

Աղվեսը շատ զարմացավ:

- Ուրիշ մոլորակի վրա՞…

- Այո:

- Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կայի՞ն:

- Ոչ:

- Ինչ հետաքրքիր է: Իսկ հավ կա՞:

- Ոչ:

- Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում,-  հառաչեց աղվեսը:


- Իմ կյանքը ձանձրալի է անցնում: Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ: Բոլոր հավերը մեկ են և մարդիկ էլ մեկ  են: Եվ իմ կյանքը ձանձրալի է: Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը ոնց որ արեվից՝ կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից: Եվ հետո նայիր… Տեսնու՞մ ես, այնտեղ արտերի մեջ հասունանում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկեր ինձ պետք չեն: Ցորենի արտերն ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…

Աղվեսը լռեց ու երկար ժամանակ նայում էր Փոքրիկ իշխանին: Հետո ասաց.

- Խնդրում եմ ընտելացրու ինձ:

- Ես ուրախությամբ այդ կանեի,- պատասխանեց Փոքրիկ իշխանը,- բայց ես անյքան քիչ ժամանակ ունեմ… Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ և նրանցից դեռ ուրիշ բաներ պիտի իմանամ:

- Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել,- ասաց աղվեսը:- Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ են պատրաստի գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լիներ բարեկամներ վաճառել և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզւոմ ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:

- Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել,- հարցրեց Փոքրիկ իշխանը:

- Հարկավոր է համբերություն ունենալ,- պատասխանեց աղվեսը:- Նախ նստիր այնտեղ, խոտի վրա, այ այդպես: Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա: Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: Նստիր այնտեղ, բայց օր-օրի վրա մի փոքր մոտեցիր…

- Ավելի լավ է միշտ նույն ժամին արի,- խնդրեց աղվեսը:- Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Ժամը 4-ին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը… Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:


- Իսկ ի՞նչ բան է ծիսակատարություն,- հարցրեց Փոքրիկ իշխանը:

- Դա էլ վաղուց մոռացված բան է,- բացատրեց աղվեսը:- Դա մի բան է, որի շնորհիվ մի օրը այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը՝ մյուս ժամերին: Այ օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն. Հինգշաբթի օրերը նրանք պարում են գյուղի աղջիկների հետ: Եվ ի՜նչ հիանալի օր է հինգշաբթին: Ես զբոսանքի եմ գնում և հասնում մինչեւ խաղողի այգիները: Իսկ եթե որսորդները պարեին երբ խելքներին փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չեի հանգստանա:

Այսպես Փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց: Եվ ահա հասավ հրաժեշտի ժամը:

- Ես լաց կլինեմ քեզ համար,- հառաչեց աղվեսը:

- Դու ես մեղավոր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ես չեի ուզում, որ քեզ համար դժվար լինի, դու ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ:

 - Այո իհարկե,-  ասաց աղվեսը:

- Բայց դու լաց կլինես:

- Այո, իհարկե:

- Նշանակում է, որ վատ ես զգում քեզ:

- Ոչ,-  առարկեց աղվեսը:-  Ես ինձ լավ եմ զգում: Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին:


Նա լռեց: Հետո ավելացրեց:

- Գնա մի անգամ էլ նայիր վարդերին: Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է: Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ: Դա կլինի իմ նվերը քեզ:
Փոքրիկ իշխանը գնաց վարդերին նայելու:


Դուք բոլորովին նման չեք իմ վարդին,- ասաց նա:- Դուք դեռ ոչինչ եք: Ոչ ոք ձեզ չի ընտելացրել: Առաջ իմ աղվեսն էլ ձեզ նման էր: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս հարյուր հազարավոր աղվեսներից: Բայց ես նրա հետ բարեկամացա, և հիմա նա միակն է ամբողջ աշխարհում:

Վարդերը շփոթվեցին:

- Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ,- շարունակեց Փոքրիկ իշխանը:- ՁԵզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար միայն նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն, ոչ թե ձեզ էի ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրա՛ն էի շիրմայով առանձնացնում: Նրա՚ համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է:


- Մնաս բարով,-  ասաց նա:

- Մնաս բարով,- ասաց աղվեսը:- Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է՝ միայն սրտի աչքն է սրատես: Ամենագխավորը աչքով չես տեսնի:

- Ամենագլխավորը աչքով չես տեսնի,- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

- Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

- Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին…- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

- Մարդիկ մոռացել են այս պարզ ճշմարտությունը,- ասաց աղվեսը:- Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:

- Ես իմ վարդի համար պատասխանատու եմ …- կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Անտ. Էքզյուպերի. հատված «Փոքրիկ իշխան»-ից»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ՆԵՐԱՇԽԱՐՀ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Admin (22.12.12) Դիտումներ: 3748 | Տեգեր: Փոքրիկ իշխան, Ներաշխարհ, Էքզյուպերի