RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոդվածներ » ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ

Ալկոհոլի վնասները. զգուշացնում է մասնագետը  2036


Որքան էլ զարմանալի է, ալկոհոլի դեմ պայքարը  այնքան ակնհայտ և հստակ չէ աշխարհում, որքան ծխելու դեմ` չնայած կարծես բոլորս էլ գիտենք  դրա լայն տարածման,  հասցրած առողջական, բարոյական, սոցիալական  վնասների մասին:
Ցավալի է, բայց  ալկոհոլի օգտագործումը  առավել, քան հիմնավոր է ներթափանցել  մեր կյանքի մեջ.  Ինչպե՞ս կարելի է պատկերացնել  ուրախության որևէ առիթ  առանց ալկոհոլի, տխրության մի առիթ՝ առանց ալկոհոլի: Եվ այս ամենը այնքա՜ն հեռու է համարվում  ալկոհոլիզմից, նրա առաջացրած  դժբախտ հետևանքներից…  Իրականում,   ցավոք սրտի, տանը ժամանակ առ ժամանակ խմած  մեկական բաժակ խմիչքից` գինուց, գարեջրից, օղուց  կամ կոնյակից  մինչև անուշադրություն, սրտի տագնապ, լյարդի ցիրոզ, թմրամոլի կարգավիճակ  կամ ավտովթար… ոչ ժամանակը, ոչ տարածությունը այդքան երկար չեն լինում:
Այսօր ոչ այնքան  հաճելի նյութի մասին  պիտի խոսենք.  այս առանց այն էլ դժվար  կյանքում ի՜նչ լրացուցիչ կենսաբանական  և սոցիալական ավերածություններ է գործում ալկոհոլը:

Սկսենք ֆիզիոլոգիական ազդեցությունից:  Սպիրտը, որը այս կամ այն քանակով  կա յուրաքանչյուր խմիչքի մեջ,  նախևառաջ շատ արագ ներծծվում է արյան մեջ (հատկապես, եթե օգտագործվում է  քաղցած վիճակում):  Նրա մոլեկուլները շատ մանր են, լավ լուծվում են ջրի   և օրգանիզմի հեղուկների մեջ: Այս ճանապարհով դրա մոտ 20%-ը (անհատական զգայությունից կախված) ստամոքսում, իսկ մնացած 80-ը աղիքներում արդեն մոտ 30-50 րոպեում  հայտնվում է արյան մեջ, ապա՝ լյարդում և մնացած բոլոր օրգաններում:
Առաջնային թմրությունը, թեթևությունն ու անհոգությունը,  լավ տրամադրությունը, աչքերի փայլն ու  այտերի թեթև կարմրությունը արագ անցնում են` փոխարինվելով  ճնշվածությամբ  և խիստ վատ ինքնազգացությամբ.  սա բնորոշ է բոլոր թմրանյութերին ` թեթևից մինչև ծանր:

 Հենց առաջին իսկ կումից սպիրտը իր կոշտ, դաբաղող և վնասակար ազդեցությունն է թողնում բերանի և կերակրափողի, ապա և ստամոքսի լորձաթաղանթի վրա՝ նպաստելով խոցային հիվանդության և ուռուցքների առաջացմանը:

Կա  ևս շատ կարևոր մի հանգամանք, որի մասին մարդիկ քիչ գիտեն.  ալկոհոլը բավականին սննդարար է, ունի բարձր կալորիականություն, այդ առումով զիջում է միայն ճարպերին: Ահա թե ինչու ալկոհոլ օգտագործող մարդը  հետզհետե կորցնում է ախորժակը, հետաքրքրությունը սննդի, ապա և կյանքի նկատմամբ` ամեն ինչ փոխարինելով սիրելի խմիչքով:
Սակայն խմիչքը սնելով  կալորիաներով՝ չի ապահովում  անհրաժեշտ սննդային նյութերի, մակրո-միկրոտարրերի և վիտամինների պահանջարկը.  մարդը հյուծվում է, փոխում  գույնը, հետզհետե կորցնում ատամները, եղունգների առողջ կառուցվածքը, մազերը և այլն:
Զուգահեռաբար փոխվում է բնավորությունը.  նա դառնում է կոշտ, անհանդուրժող, նյարդային, լարված: Դե, սա այնքա՜ն տարածված երևույթ է, կարծեմ բոլորդ էլ ձեր շրջապատում  հադիպել եք այս թշվառ պատկերը: Ուղղակի բժիշկը ավելին է զգում, և թոշնած, թառամած դեմքերի  տակ ավելի մեծ ցավ է տեսնում…


Թե ինչպիսին է ալկոհոլի ազդեցությունը  թոքերի,  գլխուղեղի բջիջների վրա՝ դժվար չէ կռահել, սակայն ավելի հայտնի է լյարդի ախտահարումը  կամ բոլորին հայտնի, տխրահռչակ լյարդի ցիրոզը, որը անբուժելի հիվանդություն է և շատ ծաղկուն կյանքեր  է խլում: Ալկոհոլը խախտում է լյարդում ճարպերի քայքայման գործընթացը  և նպաստում լյարդի ճարպային դիստրոֆիային` այն առկա է «միջին» հարբեցողների  75%-ի մոտ: Ապա լյարդի հյուսվածքը, բջիջները վնասվում են, քայքավում և փոխարինվում   պարզունակ, «ոչ գործունյա» շարակցական հյուսվածքով, հենց այս պարագան էլ կոչվում է լյարդի ցիրոզ  և ֆունկցիայի անբավարարություն:
Այս ամենը իրապես գիտակցող մարդը,  իհարկե, չի դառնա ալկոհոլի գերին, առավելապես ընտանիքի փոքրիկին չի առաջարկի մի կում գինի խմել  կամ գարեջրի  «համը տեսնել», իսկ ալկոհոլ  օգտագործող դեռահասների մեծ մասը հենց տանն են փորձել, ըմպել առաջին գավաթը:

Խոսքս լրիվ չէր լինի, եթե չասեի, որ սպիրտը օգտագործվում է նաև բուժական նպատակներով. բոլորիդ հայտնի են բուսական սպիրտային թուրմերը, օրինակ` սրտի կաթիլները, որոնք շատ արդյունավետ են, արագ ներգործություն ունեն և երբեմն ավելի գերադասելի են,  քան ջրային թուրմերը: Գինին  դեռևս միջնադարում  շատ հիվանդությունների  ժամանակ  բաղադրատոմսերի  կարևոր բաղադրիչ  է համարվել: Այսօր էլ կարմիր գինին որոշ երկրներում մեծ համբավ ունի՝ որպես հակասկլերոտիկ, բուժիչ միջոց /օր.՝ Ֆրանսիայում/: Այստեղ  չխմող մարդկանց  առաջարկում են «գինու հաբեր» օգտագործել:
Շատերին հայտնի է (և հայերիս այդ թվում)  թթի օղու բուժական ազդեցությունը, իսկ կոնյակը, ըստ որոշ աղբյուրների,  ստեղծված է եղել որպես բուժական ճիճվամուղ  միջոց, սա կաղնու մեջ պահված սպիրտ է: Այսօր էլ բնական ճիճվամուղ միջոցների մեջ  կոնյակը կարևոր դեր ունի:
 Սակայն այս  պարագաներում խոսքը  դեղաչափերի մասին է և որևէ առնչություն չունի կենցաղային հարբեցողության  ու նրա առաջացրած հետևանքների հետ:  

Վերջապես,  պետք է ասել, որ կան մարդիկ, որոնց համար ալկոհոլը ուղղակի հակացուցված է.  դա երեխաներն ու դեռահասներն են,  պտղաբեր տարիքի  կանայք, հղի կանայք և կերակրող մայրերը, դեղորայք օգտագործող մարդիկ (քնաբեր, հանգստացնող միջոցներ,  հոգեմետ, հակահիստամինային և այլն):

Մշտապես հիշե՛ք, որ

-    Ալկոհոլը լուրջ վնասակար գործոն է, որը էապես վտանգում է մարդու առողջությունը:
-    Գովազդված ամեն ինչ չէ, որ օգտակար է մեր առողջության համար (գովազդված՝ ակնհայտ կամ  անուղղակիորեն):

Ի դեպ, հանրահայտ "Reklam” բառը  ծագում է  19-րդ դարի  հայտնի գերմանացի բժիշկ,  պրոֆեսոր Ռեկլամի անունից: Թեև պրոֆեսոր  հիգիենիստը առողջ ապրելակերպ էր քարոզում, այսօր գովազդը նրա անունով հաճախ  հակառակն է անում:
Արթուն եղեք և խուսափեք  այն ցրվածությունից,  անուշադրությունից, անզգոն վիճակներից, կործանարար մնացած հետևանքներից, որոնք արդյունք են ալկոհոլի օգտագործման: Այսօր դժվար է պահպանել առողջությունը: Խուսափե՛ք ալկոհոլիզմից, ինչպես նաև  այլ վատ սովորություններից. սա կլինի ձեր ներդրումը առողջ կյանքի ապահովման գործում: Մնացյալը, ինչպես ասում են, կգնենք:

Առողջագետ Արուսյակ Նալյան


Ալկոհոլի վնասները. զգուշացնում է մասնագետը



на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



loading...

Загрузка...



Այլ հոդվածներ «Ալկոհոլի վնասները. զգուշացնում է մասնագետը»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:

Առաջարկում ենք նաև...


ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ, ՀՄԱՅՔԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ | Ավելացրեց: Admin (18.12.12) Դիտումներ: 2036 | Տեգեր: առողջ մթնոլորտ ընտանիքում, Առողջ ապրելակերպ