RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Սերժ Սարգսյանը կրկնում է Ռոբերտ Քոչարյանին

 

Հայաստանի Պետական եկամուտների վերստին առանձնացված կոմիտեն նոր ղեկավար ունի՝ նախագահական վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որին Սերժ Սարգսյանը նշանակել է ՊԵԿ նախագահ:

Թե ինչ է ՊԵԿ-ը Հայաստանում՝ թե՛ որպես զուտ պետական կառավարման օղակ, թե՛ որպես իշխող համակարգի օղակ՝ ըստ այդ համակարգի բնույթի, հասարակությանը թերևս քաջ հայտնի է, և ավելորդ նկարագրության կարիք չկա: Քաջ հայտնի է նաև հասարակության վերաբերմունքը այդ կառույցի գործունեության հանդեպ: Այդ վերաբերմունքը գրեթե մշտապես Հայաստանում պահանջված է դարձրել ՊԵԿ նախագահի փոփոխությունը: Բայց, միաժամանակ էլ, ՊԵԿ ղեկավարները կամ նախարարները փոխվել են, իսկ հարկային ու մաքսային կառույցը իր բնույթը ըստ էության չի փոխել, և չնայած կոսմետիկ առանձին բարեփոխումներին կամ փոքր դրական տեղաշարժերին՝ հարկային ու մաքսային ծառայության սկզբունքային վերափոխում Հայաստանում տեղի չի ունեցել:

Հովհաննես Հովսեփյանը կլուծի՞ այդ հարցը: Մեղմ ասած՝ դժվար է հավատալ: Նախ և առաջ այն պատճառով, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին, որին հասարակությունը մեղադրում էր ըստ էության խոշոր գործարար լինելու մեջ, փոխարինելու է գալիս մեկը, որը ևս ունի մեծ բիզնես-հետաքրքրություններ Հայաստանի տնտեսական դաշտում:

Իհարկե, որպես նորանշանակ պաշտոնյա՝ Հովհաննես Հովսեփյանը կփորձի անել քայլեր, որոնք միտված կլինեն քարոզչական էֆեկտի, առավել ևս, որ իշխանության համար նախընտրական շրջան է, և քարոզչությունը դառնում է առանցքային գործոն: Սակայն սկզբունքային բարեփոխումների ակնկալիքը, մեղմ ասած, միամտություն է՝ այն պարզ պատճառով, որ իշխող համակարգն ինքնին չունի այն բնույթն ու կառուցվածքը, որը թույլ կտա ակնկալել սկզբունքային փոփոխություններ ՊԵԿ-ում: Այստեղ խնդիրը համակարգային է և կախված չէ անձերից:

Ի վերջո, ՊԵԿ-ը չի կարող գնալ իշխանության դեմ, հետևաբար դա այն կառույցն է, որում կարող է փոփոխություն լինել միայն իշխանության մեջ որոշակի նոր ստատուս-քվոյի արձանագրման դեպքում: Իշխանության մեջ տեղի են ունենում հետաքրքրական զարգացումներ և ստատուս-քվոյի որոշակի փոփոխության գործընթաց, և ՊԵԿ տարանջատումը ֆիննախից ու ղեկավարի փոփոխությունը դրա մի մասն են՝ անկասկած, սակայն այստեղ գործընթացը ակնհայտորեն ավարտված չէ և չի ավարտվի ավելի շուտ, քան խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքի ամրագրումը:

Ըստ այդմ, միայն դրանից հետո է տեսականում հնարավոր սկզբունքային փոփոխություններ առանցքային ոլորտում, որոնք թույլ կտան բիզնեսին շնչել ազատ, իսկ խոշոր բիզնեսին էլ կստիպեն վճարել լիարժեք հարկեր:

Դրա համար, կրկնում ենք, իշխանությունը պետք է ապրի այլ կյանքով, աշխատի այլ մեխանիզմով: Իսկ առայժմ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իր վերահսկողությունն է փորձում հաստատել այդ կառույցի վրա, հնարավորինս ամբողջական վերահսկողությունը, ինչի համար էլ ՊԵԿ է գործուղվում նախագահական վերահսկողական ծառայության պետը:

Ի դեպ, այս տեսանկյունից խիստ հատկանշական է, որ Սարգսյանը կատարում է մի քայլ, որը բավական նման է Ռոբերտ Քոչարյանի կատարած քայլին: Ռոբերտ Քոչարյանն էլ իր նախագահության ժամկետի ավարտին՝ ընտրական փուլում, հարկային կառույցի ղեկավար նշանակեց իր վերահսկողական ծառայության պետին՝ Վահրամ Բարսեղյանին, որը պաշտոնավարեց 2007-2008 թվականներին:

Սերժ Սարգսյանն էլ իր պաշտոնավարման ավարտին և ընտրական կարևոր փուլի շեմին հարկային և մաքսային կառույցի ղեկավար է նշանակում իր վերահսկողական ծառայության պետին՝ ըստ էության, կրկնելով Ռոբերտ Քոչարյանին: Ինչքա՞ն կշարունակվի և որտե՞ղ կընդհատվի այդ կրկնությունը: