RSS բաժանորդագրություն 

Загрузка...


 
Պետբյուջեից ֆինանսավորվող ռուս փորձագետներն ու լրատվամիջոցները սկսել են բացահայտ խոսել, որ Հայաստանն ուղղվում է «ՆԱՏՕ-ի երախը»:
Կարծես վերեւից ցուցումով ռուսական լրատվամիջոցներում սկսել են վերլուծական հոդվածներ հայտնվել, որոնցում նկարագրվում է Հայաստանի «արեւմտականացման» եւ «ռուսական ազդեցության գոտուց» պոկվելու գործընթացը: Այդ գործընթացն ընդգրկում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Արեւելյան գործընկերությունը, Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հռոմի պապի Հայաստան այցը, Սերժ Սարգսյանին ՆԱՏՕ-ի Վարշավայի վեհաժողովին հրավիրելը: Այդ միջոցառումների շարքին է դասվում նաեւ ապստամբությունը Երեւանում:
Ի՞նչն է ստիպել ռուսական պաշտոնական քարոզչությանը հիստերիայի մեջ ընկնել: Ի՞նչ է փոխվել վերջին մի քանի օրերին: Չէ՞ որ խռովության առաջին օրերին, ի տարբերություն մեկ տարի առաջվա Էլեկտրիկ Երեւանի, Մոսկվան չէր խոսում «մայդանի» մասին: Հիմա հանկարծ մեղադրում է Արեւմուտքին խռովության նախապատրաստման եւ Հայաստանը Ռուսաստանից պոկելու մեջ:

Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանը, որը Վարշավայում չի ստորագրել ՆԱՏՕ-ի հետ գործակցության նոր ծրագիրը, հրաժարվել է նաեւ համապատասխան ռուսական առաջարկից:
Հիշեցնենք, որ խռովության առաջին օրերին Պաշտպանության նախարարությունն անսպասելիորեն տեղեկություն է տարածել Հայաստանում ռուսական բանակի պատվիրակության ժամանման մասին, որը պետք է քննարկի եւ վերջնական ստորագրման նախապատրաստի հայ-ռուսական համատեղ խմբավորման ստեղծման համաձայնագիրը: Հուլիսի 22-ին տեղեկություն է հրապարակվել, որ Սեյրան Օհանյանը հանդիպել է պատվիրակությանը, սակայն դրանում խոսք չի եղել միացյալ խմբավորման մասին եւ խոսվել է միայն ռազմատեխնիկական համագործակցության մասին:
Այդ նույն օրերին, երբ ռուս գեներալները բանակցում էին, Երեւանում էր ԱՄՆ Սենատի սպառազինությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակությունը: Պատվիրակությունը բանակցություններ է ացնկացրել Սերժ Սարգսյանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական եւ ղարաբաղյան հարցերով:

Ռուսական լրատվամիջոցներում հիստերիան կարելի՞ է դիտարկել որպես հայկական բանակը «բռնակցելու» Մոսկվայի փորձերի եւ դրանով ղարաբաղյան ու հայ-թուրքական հարցերը լուծելու փորձի ձախողման նշան: Թե՞ Մոսկվան վերջին նախազգուշացումն է անում Սերժ Սարգսյանին՝ բացելով բոլոր խաղաքարտերը եւ ստիպելով Սարգսյանին բացել սեփականը:


lragir.am