RSS բաժանորդագրություն 

Загрузка...


Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը մտել էր Արցախի հյուսիսային՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ,  ու մինչեւ Պաշտպանության բանակի կողմից հայտնաբերվելն ու ոչնչացվելը սեփական տանը վայրագաբար սպանել երեք խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 92-ամյա մի կնոջ: Տարեց բնակիչները չէին հասցրել դուրս գալ հրթիռակոծվող գյուղից:

Նրանցից բացի այդ գիշեր Թալիշի տներից մեկի նկուղում թաքնված լուսաբացին էին սպասում Ավգուստինա Ալավերդովան ու նրա մայրը: Միայն երեք օր անց՝ Մարտակերտի ոստիկանների օգնությամբ գյուղից դուրս գալուց հետո են հասկացել, թե ինչ կարող էր պատահել իրենց հետ, եթե այդ գիշեր հանկարծ որոշեին դուրս գալ նկուղից:

NEWS.am-ի հատուկ թղթակից Գայանե Ալեքսանյանը Ստեփանակերտում հանդիպել է Ավգուստինա Ալավերդովայի հետ, լսել հրաշքով փրկված՝ Թալիշի հինգ բնակիչների պատմությունը:

Ի ՞նչ էր կատարվում Թալիշում ապրիլի 1-2-ի գիշերը:

Թալիշում եմ ապրում, մորս ու որդուս հետ: Որդիս հիմա ծառայում է Ջեբրայիլում: Գյուղում տուն ունեմ, խանութ ունեմ արդեն 5 տարի: Ապրիլի 1-ի երեկոյան սովորականի պես խանութը փակեցինք, պառկեցինք քնելու:

Ժամը 2-3-ի կողմերն էր, ուժեղ գմփոց եկավ: Չնայած մենք գմփոցներին սովոր ենք. անցած տարի օգոստոսին էլի նույն պատմությունն էր: Բայց էս անգամ գմփոցից հետո շատ ավելի ուժեղ ձայն եկավ:

Ես տեղերից վեր կացա, երրորդ գմփոցից լույսերը հանգեցին: Շորերս արագ հագա, մտա սենյակ, մամայիս արթնացրի: Մենք կուչ եկանք մահճակալի մոտ ու չէինք հասկանում՝ ինչ է կատարվում: Չգիտեմ ինչից էին կրակում: Մի պահ գիշերը ժամը 4.30-5.00-ի սահմաններում կրակոցները կտրվեցին: Գյուղից տարօրինակ ձայներ էին լսվում, մարդիկ գոռում էին, իրար ձեն էին տալիս: Մենք վախենում էինք դուրս գալ: Մամային ասացի՝ տեղներիցս չշարժվենք, սպասենք մինչեւ լույսը բացվի:

Էդ պահին ինչ որ զենքից, «Գրադ» էր, ինչ էր, չհասկացա, ինչ-որ երկաթից բան էր, գցեցին տան վրա, զալի պատը ծակեց, տվեց ամեն ինչ ջարդուփշուր արեց ու կպավ սպալնու պատին: Հողերը լցվեցին մեր գլխին: Ես արդեն ոչ մի բան չէի հասկանում, գլուխս ահավոր ցավում էր, միայն գոռում էի՝ մամ, էս ի՞նչ ա, էս ի՞նչ ա: Վախից ասում էի՝ արի մտնենք պադվալ: Էդպես վազելով գլուխներս բռնած մտնել ենք պադվալ, որ իբր էնտեղ անվտանգ է: Էդպես կուչ ենք եկել պադվալում, բայց գյուղի վրա շատ էին խփում, առավոտ էր արդեն, չգիտեմ՝ ինչից էին խփում:

Մեկ էլ մի սնարյադ էր, ինչ էր, եկավ ու ընկավ հենց պադվալի դեմը, որտեղ մենք թաքնվել էինք: Ուժեղ ձայն եկավ, դուռը տարավ, պատը ծակեց: Աչքերս փակել էի, վախից գլուխս բռնել էի, հողն ու քարերը թափվել էր մեզ վրա: Գլխումս չգիտեմ ինչ եղավ, բայց ավելի ուժեղ սկսեց ցավալ: Երբ աչքերս բացեցի, զգացի, որ տեսողությունը շատ վատ է, չեմ տեսնում: Ասում եմ՝ մամ, ի՞նչ է պատահել: Մամաս տեսել էր պադվալի մեծ ծակը, ինձ ասեց՝ արի դուրս գանք: Մենք դուրս եկանք, տեսա, որ էդ սնարյադը ընկել էր փոսը, թթի ծառի կեսը տարել էր, քերելով ընկել էր բակ:

Հետո երբ դուրս եկաք, ի՞նչ եղավ:

Երբ դուրս եկանք, մաման ասեց՝ գնանք գյուղից Ռայայի ու Բենիկի տուն՝ տարիքով մարդիկ են: Աչքերս լավ չէին տեսնում, չէի կարողանում քայլել, մաման մի կերպ ինձ քաշելով տարավ, հասանք Բենիկենց տուն: Ասացին, որ իրենց մոտ նորմալ ա: Մնացինք իրենց տանը: Ես ինձ շատ վատ էի զգում, հարցրի՝ դուք պադվալ ունե՞ք, ասեց՝ հա: Տարավ իրենց պադվալը, որտեղից ես ընդհանրապես դուրս չէի գալիս: Մենակ աղոթում էի, որ երեխուս բան պատահած չլինի, որովհետեւ հեռախոսս նստել էր, ոչ մի լուր չունեի: Այդ 3 օրն էդտեղ մնացինք: Պատահական դուրս էի եկել, լսեցի ինչ-որ ձայներ են գալիս, չէի հասկանում, բայց զգում էի, որ հայերեն չեն խոսում: Շուտ հետ գնացի: Հետո եմ հասկացել, որ հայ չեն, ուղղակի չէի պատկերացրել: Դրանից հետո մամաս գնաց խանութ, պահած տեղից մի քանի բան է բերել, յոլա ենք գնացել: Հաց ուտելուց հետո անմիջապես գնում էինք պադվալ: Բոլորս նկուղում ենք եղել, ու ոչ մի կերպ չենք կարողացել որեւէ մեկին խաբար անել, որ գան մեզ օգնեն:

Ի՞նչպես ձեզ հաջողվեց դուրս գալ գյուղից:

Երրորդ օրը Մարտակերտի ոստիկանները մեքենայով եկան մեր հետեւից: Մենք ոչ մեկին չենք կարողացել տեղեկացնել մեր գտնվելու վայրի մասին: Բենիկը դուրս ա եկել դարպասից, որ գոնե մի լուր բերի, տեսել ա ոստիկաններին: Ոստիկանների հետ լրագրողներ էլ կային: Մեզ ասեցին՝ շատ արագ դուրս եկեք: Ասում ա՝ էս ո՞նց եք դուք էստեղ մնացել: Էդ գիշերը, որ թուրքերը մտել են, տենց այլանդակ բաներ են արել էդ ժողովրդի գլխին, մենք էդտեղ ենք եղել: Մաման որ գնացել ա, որ գոնե տնից մի քանի բան բերի, որ մենք ուտենք, մեր տունն արդեն թալանած ա եղել, ոսկեղենն էին տարել, տղիս համար հեռախոս էի առել, որ նվեր տամ, թանկարժեք ինչ կար՝ թալանել են: Գյուղում ոչ մեկը չկար, էդ ո՞վ տարավ: Ուղղակի չէի հասկանում, որ թուրքը մտել ա գյուղ, հետո եմ հասկացել, որ իմ լսածը մեր լեզուն չէր, նոր եմ հասկանում, որ եթե իրենք մեզ գտնեին, մեր հետ ինչ կանեին, սարսափում եմ... Շուտ լցրել են մեզ մեքենա, շուտ, արագ տեմպերով, Մատաղիսում խփեցին մեքենային, երեւի մոտիկ էին խփել, բեկորները կպել էին, մեքենան սենց ֆռցրել էր, չգիտեմ՝ ինչ կատարվեց: Էդտեղից մեզ բերել են Մարտակերտ, այնտեղից՝ Ստեփանակերտ:

Ձեր տղայի հետ խոսե՞լ եք:

Հա, որ եկա արդեն ստեղ, զանգեցի: Որ ձենը լսեցի, իմացա նորմալ ա, ինձ էլ ոչ մի բան հետաքրքիր չէր, ոչ մի բան: Խնդրում եմ, աղաչում եմ Աստծուն, որ բոլոր մայրերիս էրեխեքն էլ ողջ-առողջ հետ գան:

Թալիշից Ձեր վերջին հիշողությունը ո՞րն է, ի՞նչ եք հիշում:

Վերջին հիշողությունս՝ Թալիշը դատարկ, ծուխը հելած, ոչ մի բան չի երեւում, էդ գմփոցները, տների կեսը չկա: Թալիշը, որը միշտ լավ ա եղել, միշտ աշխույժ գյուղ ա եղել, մեքենաները գնացել-եկել են, ամեն ինչ նորմալ ա եղել, մարդիկ սարքել են, շինություն են արել, ուզեցել են ամեն մարդ առաջ գնա ինչ-որ մի բանով, եւ հանկարծ տեսնում ես, որ ոչ մի բան չկա՝ դռները՝ բաց, պատուհանները՝ բաց, թափած…