RSS բաժանորդագրություն 

Загрузка...

«Հնարավո՞ր է, արդյոք, դաշտան հղիության ժամանակ». «Իմ փոքրիկ»-ին ուղղված այս և մյուս հարցերի պատասխանները

Մայիսի 18 2015

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերին պատասխանել է«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Ս. Վարդանյանը:

Լիլիթ

Հարց. Հարգելի բժիշկ, ես  28 տարեկան եմ, ամուսնացած չեմ, և վերջերս ինձ մոտ հայտնաբերել են էնդոմետրոիդնի 2 կիստա՝  մեկը 3.5 սմ, իսկ մյուսն ավելի փոքր: Բժիշկներն առաջարկում են անհապաղ հեռացում, իսկ ես վախենում եմ հետևանքներից:

Ի դեպ, դա հայտնաբերեցին, երբ սուր ծակող ցավ զգացի, և ինձ տեղափոխեցին հիվանդանոց: Կարո՞ղ է դա ազդել հետագայում երեխա ունենալու վրա:

 

Պատասխան. Հարգելի Լիլիթ, եթե դուք չունեք ցավեր որովայնի ստորին հատվածում, նախա և հետդաշտանային արյունային արտադրություն՝ սեռական ուղիներից, ապա վիրահատությունն այդքան շտապ չէ: Սակայն վերոհիշյալ կլինիկական ախտանիշների դեպքում ցուցված է վիրահատություն: Եթե այն կատարվի լապարասկոպիկ եղանակով, ապա բացասական հետևանքների հավանականությունը մինիմալ կլինի: Կարող եք խորհրդակցել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մասնագետների հետ:

Եսթեր

Հարց. Հարգելի բժիշկ, ընկերուհիս 4-5 ամսական հղի է, և բժիշկը աջ ձվարանի վրա պոլիպ է հայտնաբերել: Հնարավո՞ր է հեռացնել հղիության ընթացքում:

Պատասխան. Հարգելի Եսթեր,  հստակեցրեք հարցը, քանի որ անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Ձվարանի վրա պոլիպ սովորաբար չի առաջանում:

Անահիտ

Հարց. Հղիության 41-րդ շաբաթում եմ գտնվում, ցավեր չունեմ, կարո՞ղ եմ, արդյոք, արհեստական ցավերի միջոցով ծննդաբերել: Նշեմ, որ առաջին ծննդաբերությունս է:

Պատասխան. Հարգելի Անահիտ, եթե հղիությունը տևում է 40 շաբաթից ավելի, ապա ծննդաբերական գործունեության դրդումն ու հետագա խթանումը սկսում են 41 շաբաթականը լրանալուց հետո: Այնպես որ որևէ ուշացում դեռևս չկա:

Ալինա

Հարց. Արդեն 5 ամիս է՝ ամուսնացած եմ, բայց դեռ չեմ հղիանում: Հարաբերությունից հետո սերմի մեծ  մասը դուրս է թափվում: Հնարավո՞ր է, արդյոք, որ սերմը տեղ չի հասնում:

Պատասխան. Հարգելի Ալինա, 5 ամիսը շատ կարճ ժամկետ է, որ զույգը չհղիանալու պատճառով անհանգստանա: Անպտղության ախտորոշումը տրվում է, երբ չկա հղիություն մեկ տարի կանոնավոր սեռական կյանքի պայմաններում: Եթե Ձեր կարծիքով սերմը դուրս է թափվում հեշտոցից, ապա հարաբերությունից հետո պառկեք մեջքի վրա՝ կոնքի տակ բարձ դնելով:

Գայանե

Հարց. Կցանկանայի իմանալ՝  հնարավո՞ր է, արդյոք,  դաշտան հղիության ժամանակ, և այն նմա՞ն է, արդյոք,  սովորական դաշտանին:

Պատասխան. Հարգելի Գայանե, հղիության ժամանակ սովորաբար դաշտան չի լինում: Սակայն կան կանայք, որոնց մոտ դաշտանի օրերին դիտվում է արյունային արտադրություն, կամ սպառնացող վիժման հետ կապված արյունը դիտվում է որպես դաշտան: Նման երևույթը հազվադեպ է, արյունային արտադրությունը և տևողությունը չի համապատասխանում սովորական դաշտանին: Այնուամենայնիվ թեստը ցույց կտա հղիություն:

Լիլի

Հարց. Հղիության 28-րդ շաբաթում հակաբիոտիկներ ընդունելը որքանո՞վ է ճիշտ և անվտանգ:

Պատասխան. Հարգելի Լիլի, հղիության ընթացքում հակաբիոտիկների կիրառումը արգելված չէ: Կան հակաբիոտիկներ, որոնք անվտանգ են մոր և պտղի համար, կան նաև վնասակար հակաբիոտիկներ:

Եթե հղիի վիճակը պահանջում է հակաբիոտիկների նշանակում, ապա բժիշկն ընտրում է թույլատրված և առավելապես անվտանգ հակաբիոտիկ:

Ալլա

Հարց. Ես 22 տարեկան եմ, կեսարյան հատումով ծննդաբերել եմ, և բալիկս արդեն 10 ամսական է: Մինչև 5 ամսական կերակրել եմ միայն կրծքի կաթով, այժմ տալիս եմ նաև հավելյալ սնունդ: Ծննդաբերությունից հետո՝ մինչ օրս, դաշտան չեմ տեսել: Նշեմ, որ 10 ամիս է՝ գտնվում եմ սթրեսային իրավիճակում, հավելեմ նաև, որ երկրորդ հղիությունը բացառվում է: Ինչի՞ց կարող է դա լինել:

Պատասխան. Հարգելի Ալլա, երբ կինը կրծքով կերակրում է իր բալիկին, ապա հնարավոր է լակտացիոն ամենորեայի՝ դաշտանային ցիկլի բացակայություն: Սակայն դա սովորաբար դիտվում է այն կանանց մոտ, որոնք բացառապես կրծքով են կերակրում: Պետք չէ անհանգստանալ, հավանաբար դաշտանի բացակայությունը կապված է լակտացիայի հետ, կամ Ձեր հորմոնալ հավասարակշռությունը դեռ չի վերականգնվել: Դիմեք գինեկելոգին, կատարեք փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն:

Վիկտորյա

Հարց.Կցանկանայի իմանալ, Նարինեի մոմիկները որքանո՞վ են արդյունավետ՝ առատ արտադրությունը կանխելու համար:

Պատասխան. Հարգելի Վիկտորյա, առատ արտադրության համար առաջնահերթ պետք է պարզել պատճառը: Նարինե մոմիկներն արդյունավետ են կանխարգելման, ոչ թե բուժման համար:

Սուսաննա

Հարց. Հարգելի բժիշկ, ես փետրվարի 10-ին ունեցել եմ դաշտան, որը տևել է 6 օր, այնուհետև փետրվարի 20-ին վերսկսվել է այն: Նշեմ, որ փոքրիկիս ծննդից հետո 10 ամիս դաշտան չունեի, իսկ արդեն 1 ամիս է, ինչ կտրել եմ կրծքից: Հավելեմ նաև, որ վերջին 9 ամիսների ընթացքում օգտագործում եմ Լակինետ հակաբեղմնավորիչ հաբեր:

Պատասխան. Հարգելի Սուսաննա, Ձեր դաշտանային ցիկլի խանգարումը կապված է կրծքով կերակրումը դադարեցնելու հետ: Դիմեք Լակտինետ նշանակող բժշկին, կարող է դաշտանի վերսկսվելը կապված լինել նաև այդ հաբերի օգտագործման հետ:

Ռուզաննա

Հարց. Հարգելի բժիշկ, ամուսնանալուց անմիջապես հետո հղիացել եմ, սակայն 8 շաբաթականում կորցրել եմ երեխայիս: Պարզվեց՝ ունեմ ուրեապլազմա և ցիտոմեգալովիրուս: Բուժումից հետո էլ պարզվեց, որ ձվազատում չի լինում: Ի՞նչը կարող է ձվազատման խանգարման պատճառ լինել և որքանո՞վ է այն լուրջ: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան. Հարգելի Ռուզաննա, Ձեր ձվազատման բացակայությունը կապված չէ պրոլակտինի կամ թիրեոտրոպ հորմոնի ոչ նորմալ կոնցետրացիայի հետ: Միայն ուրեապլազման և ցիտոմեգալավիրուսը ևս չեն կարող լինել վիժման պատճառ: Խորհուրդ եմ տալիս հետազոտվել ավելի մանրակրկիտ՝ ինչպես ձվազատման բացակայությունը, այնպես էլ վիժման պատճառը պարզելու համար:

Նանա

Հարց. Հարգելի բժիշկ, արդեն 4 օր է՝ ներսումս անտանելի քոր եմ զգում նույնիսկ գիշերը: Այնպիսի տպավորություն է, կարծես ներսս վառվում է: Հնարավո՞ր է հարաբերության բացակայությունից լինի:

Պատասխան. Հարգելի Նանա, դիմեք բժշկի, հետազոտվեք՝ հեշտոցաբորբի պատճառը պարզելու համար: