RSS բաժանորդագրություն 

Загрузка...

 

Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայնել։ Նման արգելված թեմաներից են Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած եւ պայքարի ճանապարհով ողջ մնացած հայ «գողական» (քաբադայը-թուրքերեն անվանումը) Սարգիս Թեքյանի պատմությունը։

NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Կեսարիայի (ներկայում Կայսերի) մնացած 4 հայերից մեկի Սարգիս Թեքյանի հարցազրույցը «Ակոս»-ին։ Սարգիս Թեքյանը պատմել է, որ իր պապը հենց Կայսերիում է ծնվել, ծառայության անցել օսմանյան բանակում, որի համար էլ հաջողվել է իրենց ընտանիքին փրկվել Հայոց ցեղասպանությունից։ «Պապս մահացել է 90 տարեկանում։ Նա խոշոր առեւտրական էր։ Նա գնում ու վաճառում էր 500-ից 1000 գլուխ ոչխար։ Եթե այն ժամանակ Կայսերիում խոշոր 5 առեւտրական կար, դրանցից մեկն իմ պապն էր։

Այնուհետ եկան մեր աշխատանքին ու վաստակին աչք դնողները։ Երբ ես 18 տարեկան էի, մեզ ստիպում էին հեռանալ այստեղից։ Ամերիկյան քոլեջի հետնամասում 50 հազար քմ հող ունենք։ Իհարկե, ես դեմ դուրս եկա ու պայքարեցի։ Եթե չպայքարեի, ամեն ինչ մեր ձեռքից տանելու էին։ Երկու եղբայր դուրս եկան դիմացս, ուզեցին ինձ ծեծել, սակայն  երկուսին էլ դանակով ցանց սարքեցի։ Դրանից հետո բանտ ընկա։ Բանտից դուրս գալուց հետո կրկին որոշ մարդկանց դանակահարեցի։ Եւ բոլորը հասկացան, որ անօգուտ է փորձել ինձնից բան խլել ու հեռացան այստեղից։ Հիմա արդեն հանգիստ ենք, մեզ բան ասող չկա։

Այստեղ ամենավատն այն է, որ քաբադայը (գողական) լինելը վատ բան են համարում, սակայն քաբադայըն ու մաֆիան տարբեր բաներ են։ Քաբադայությունը՝ ջենթլմենություն է։  Քաբադայը միշտ կանգնում է աղքատի, ճնշվածի ու անտերի կողքին։ Սա է քաբադայությունը։ Ես քաբադայ եմ, մի թե՞ վատն եմ։  Ամեն մեկի համար ձեռքիցս եկածն անում եմ։ Իսկ մաֆիան մարդ է սպանում, դրդում պոռնկության, թմրամիջոցներ վաճառում։ Երբեք որեւէ մեկի հանդեպ սխալ բան չեմ արել։ 8 հոգի ինձ սպանելու համար դանակներով հարձակվեցին վրաս։ Երեքին դանակահարեցի, մյուսները փախան ու չկարողացան սպանել ինձ։ Իմ պարանոցին Հիսուս Քրիստոսով խաչն է։ Քրիստոսն է ինձ պահպանել։

Ես այս ամենին հասնելու համար 4 բան եմ միավորել՝ համարձակություն, ճշմարտություն, ճիշտ հաշվարկ եւ համբերություն»,-ասել է Սարգիս Թեքյանը։

  Սարգիս Թեքյանը պատմել էր, որ տարիներ առաջ փորձել է գալ Հայաստան, սակայն սահմանապահները թույլ չեն տվել։ « Գիտեմ, որ հայերը նամուսով, թասիբով ու ճիշտը ասող ազգ են: Հայերեն գրեթե չգիտեմ, բայց «Հայր մերը» գիտեմ»,-ասել էր Սարգիս Թեքյանը։

Արթուր Հակոբյան