RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » » Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ)

Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները
 
 
loading...

 

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում: Ուրոլոգ Դավիթ Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, թե ինչ է իմպոտենցիան և ինչպես բուժել այն,- գրում է Ankakh.com-ը:

 

Ոչ այնքան հիվանդություն, որքան սինդրոմ
 
- Իմ պատկերացմամբ, իմպոտենցիան ավելի շատ ոչ թե հիվանդություն է, այլ սինդրոմ, որը պայմանավորված է մի շարք գործոններով:
 
Պատճառները շատ են՝ հոգեբանականից մինչև օրգանական: Ապացուցված է, որ օրգանական գործոնը գերակայում է հոգեբանականին: Եթե հոգեբանական գործոնը կախված է որոշ հոգեբանական խնդիրներից, օրինակ՝ կնոջ և տղամարդու սեռական անհամատեղելիությունից, սթրեսային վիճակից, ապա օրգանական գործոնն ավելի լուրջ է, անոթների ախտահարման հետևանք է,- ասում է Դավիթ Ներսիսյանը:- Տղամարդու առնանդամի գրգռումը սեքսուալության առավել բնորոշ դրսևորումն է՝ որպես սեռական մերձեցման պայման:
 
Սերմնաժայթքումն ապահովում է սեռական ակտիվության կենսաբանական նպատակը՝ սերմնահեղուկի արտազատումը: Սեռական կյանքի բնականոնությունը մեծապես կախված է հոգեկան աշխարհից, որով պայմանավորված է զուգընկերոջ ընտրությունը և սեռական ակտիվության աստիճանը:
 
Այն հարցին, թե ում կարող է սպառնալ իմպոտենցիան, բժիշկը նշում է.
 
- Իմպոտենցիան կարող է սպառնալ ցանկացած տարիքի տղամարդու՝ 20-ից մինչև 70 տարեկան: Բայց առավել թիրախային խումբը 35-50 տարեկաններն են:
 
Անշուշտ, ընթերցողներին հետաքրքրում է նաև իմպոտենցիայի առաջացման հիմնական պատճառները:
 
- Ասեմ, որ հիմնական պատճառներն են շաքարախտը, հիպերտոնիկ, սրտային հիվանդությունները, այսինքն՝ այն հիվանդությունները, որոնք ախտահարում են անոթները: Ախտահարված անոթները նվազեցնում են նաև փոքր կոնքի օրգանների սնուցումը՝ հետզհետե հանգեցնելով իմպոտենցիայի: Էրեկտիլ դիսֆունկցիայով մարդկանց սեռական կյանքը թերի է, քանի որ առնանդամը բավարար չի պնդանում, որպեսզի տեղի ունենա սեռական ակտ: Կարելի է սրանից խուսափել: Օրվա ընթացքում պետք է ավելի շատ ոտքի վրա լինել: Սպորտով զբաղվելն ուղղակի պարտադիր պայման է: Որքան մարդը շարժման մեջ է, այնքան արյունն ակտիվ է շրջանառվում, ու խնդիրներ չեն առաջանում: Իսկ ճարպային կուտակումները, օրինակ, հանգեցնում են հորմոնային հարաբերակցության խախտման. տղամարդու արյան մեջ սկսում են նվազել արական հորմոնները, և հակառակը՝ ավելանում են իգական հորմոնները:
 
Ուրոլոգն ասում է, որ տղամարդը պետք է հրաժարվի ծխախոտից, բայց չի բացառում խմիչքը, խրախուսում է միայն չափի մեջ խմիչքի օգտագործումը: Ներսիսյանը բժշկական փորձով գիտի, որ օրական մեկ-երկու բաժակ չոր գինին կամ կոնյակն օգտակար են:
Պարոն Ներսիսյանին խնդրեցինք նաև մի քանի խորհուրդ տալ, որոնք կօգնեն թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց:
 
- Գիտեք, սեռական հարաբերությունները պետք է բնականոն լինեն: Գերադասելի է շաբաթական ունենալ երկու-երեք հարաբերություն: Իսկ եթե ամեն օր է լինում, ապա ավելի լավ: Պետք է անկեղծ ասեմ՝ շատ բան որոշում է նաև զուգընկերուհին, քանի որ կինը կարող է առողջ տղամարդուն իմպոտենտ դարձնել և հակառակը՝ հանել այդ դրությունից: Պարզապես կինը պետք է շատ մտերիմ լինի տղամարդուն:
 
Վստահեցնում եմ՝ նա կարող է բուժել ամուսնուն նույնիսկ առանց բժշկի միջամտության: Նման դեպքեր պատահել են:
 
Այն հարցին էլ, թե արդյոք այս հիվանդությունն ազգային պատկանելություն ունի, պարոն Ներսիսյանը պատասխանեց.
 
- Այս հիվանդությունը ազգային հատուկ հակվածություն չունի. չկա վիճակագրություն, որ հստակեցներ՝ հայ տղամարդկանց էրեկցիայի խանգարման դեպքե՞րն են ավելի շատ, թե՞, ասենք, ռուսներինը: Սա զուտ կենսաբանական խնդիր է: Ազգային խառնվածքն աննշան ազդեցություն ունի. հայ տղամարդիկ տաքարյուն են, ինչը հիվանդության հակվածությունը կարող է փոքր-ինչ թուլացնել:


Բուժել եմ ինքնուրույն
 
Զրուցակիցը` 29-ամյա Կարինե Դ.-ն (անունը փոխել ենք հերոսուհու խնդրանքով,- հեղ.), ասում է, որ համատեղ ամուսնական կյանքում դժվարություններ շատ է կրել: Ըստ Կարինե Դ.-ի՝ ամուսնության առաջին տարին դեռ չէր բոլորել, որ կանգնեց ֆիզիոլոգիական մի բարդ խնդրի առաջ: Հասկացավ, որ ամուսինը խուսափում է իրենից:
 
- Մենք շատ օրինակելի զույգ ենք: Մեր բոլոր ընկերները հենց մեզնից են օրինակ վերցրել, ավանդական, իսկական հայկական ընտանիք ենք,- ասում է Կարինեն:- Ես, ճիշտն ասած, չէի կարողանում հղիանալ, ու ինքս ինձ անընդհատ հարց էի տալիս՝ միգուցե Աստված ինձ այսպես է ստեղծել, իսկապես տառապանքի մեջ էի: Ընկերուհուս խորհրդով դիմեցի գինեկոլոգին: Նա ինձ ստուգեց ու ասաց՝ ամուսնուցդ է: Շատ երկար ժամանակ պահանջվեց, որ ուժ հավաքեմ ու ամուսնուս ասեմ այդ մասին:
 
Կարինեի հարցերն ամուսնուն ամենևին էլ անակնկալի չեն բերում, նա ասում է, որ ինքը պրոբլեմ ունի ու չի ցանկանում դրանով ծանրաբեռնել նաև կնոջը:
 
- Մենք շատ համերաշխ էինք ապրում, բայց ես մի բան հստակ հասկացա, եթե ամուսիններն անհամատեղելի են անկողնում, ամենաերջանիկ թվացող զույգն էլ վտանգի տակ է: Դիմեցի ամենամտերիմ ընկերուհուս: Եթե նա չլիներ, վստահ եմ՝ հիմա մեր ընտանիքը չէր լինի: Նա ինձ մի քանի խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է գերգրգռել տղամարդուն,- ասում է Կարինեն:
 
Եվ երբ ամուսինը գնացել է ուրոլոգի մոտ, բժիշկը զարմացել է: Նա լրիվ բուժվել է:
 
- Անցավ մի քանի ամիս, և ես հղիացա: Որ հիմա հիշում եմ, ուղղակի աներևակայելի հեքիաթ է թվում,- ասում է Կարինեն,- ես հիմա գիտեմ, թե որն է իսկական երջանկությունը: Մենք ճիշտ է՝ լավ ենք ապրել, բայց շատ ու շատ դժվարություններ էլ ենք ունեցել, անհաջող իրավիճակներ, որոնց կենտրոնում ամուսինս էր: Պատկերացրեք` իր այդ վիճակն իրեն այնքան էր անհանգստացնում, որ մի պահ զգացի՝ կամ նարկոման է դառնալու, կամ էլ՝ հարբեցող: Ամուսինս այն ժամանակ շատ նյարդային էր, պահի տակ կորցնում էր իրեն, բայց մենք միասին հաղթահարեցինք դա: Ընկերուհիներ ունեմ, որոնց արդեն ես եմ խորհուրդ տալիս, որովհետև լավ գիտեմ, թե ինչ է դա, երբ տղամարդը ցանկանում է քեզ, բայց ոչինչ չի ստացվում:
 
Կարինեն հիմա երկու երեխա ունի:



 
Հոգեբանի միջամտությունը կարևոր է

Հոգեբանական գիտությունների թեկնածու, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Արամ Մկրտչյանը տարիների ընթացքում ուսումնասիրել է այն հիվանդությունները, որոնք բժիշկների համար անհաղթահարելի են: Եվ այդ շարքի առաջին հորիզոնականներում է նաև էրեկտիլ դիսֆունկցիան:
 
- 2010 թ. Ֆրանսիայում մի հետաքրքիր գիտաժողովի էի մասնակցում, հոգեբաններն ասում էին, որ էրեկտիլ դիսֆունկցիան միմիայն բժշկությանն է վերաբերում, հոգեբաններն այստեղ տեղ չունեն: Բայց ես շատ պրոֆեսիոնալ բժիշկ-ուրոլոգների, սեքսապաթոլոգների հետ զրույցների ժամանակ հասկացա, որ այս թեման իսկապես գիտական որակավորման խնդիր ունի,- ասում է հոգեբանը:- Սկսեցի բավական լուրջ հետազոտություններ իրականացնել ու շատ կարճ ժամանակում հասկացա, որ շատերն են տառապում այս հիվանդությամբ: Այս հիվանդությունը չի կարող բուժել անգամ ամենապրոֆեսիոնալ բժիշկը, այն կարող է բուժել միմիայն լավ հոգեբանը կամ տղամարդու զուգընկերուհին:
 
Արամ Մկրտչյանը փորձով գիտի, որ խնդիրը զուտ հոգեբանական է, և զույգերը անգամ, առանց մասնագետների դիմելու, կարող են ինքնուրույն հաղթահարել:
 
- Դեպքեր են եղել, երբ տղամարդիկ եկել են, դժգոհել են, բայց վախեցել են իրենց կանանց ասել այդ մասին՝ մտածելով, որ նրանք գուցե չկարողանան ընկալել,- նշում է հոգեբանը,- բայց դեպքեր էլ են եղել, երբ զույգերը բաժանվել են, և այդպես էլ կինը չի իմացել բաժանման իրական պատճառը: Եթե ամուսինները ցանկանում են համերաշխ ու ներդաշնակ ապրել, պետք է շատ մտերիմ լինեն իրենց կանանց հետ: Շատ դեպքերում կողակից կինը կարող է հրաշքներ գործել, բայց կարող է անել նաև հակառակը:
 
Հոգեբան Արամ Մկրտչյանի դիտարկմամբ՝ ամուսնությունների երկարակեցության գաղտնիքը միմիայն ներդաշնակ կյանքն է:

 




Տարածել...
 
loading...

Նմանատիպ նյութեր



Загрузка...

Նոր նյութեր



Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (տղամարդիկ) | Ավելացրեց: erkusov.com (2018-10-09)
Դիտումներ: 36 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar